Այս հրապարակը մեկ անգամ ևս հայտարարում ենք «պայքարի հրապարակ», այստեղից սկսվելու է Հայաստանի ազատագրումը այս թուրքերից։ Այս մասին հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ։
Նա տեղեկացրեց, որ չորեքշաբթի ԱԺ շենքում տեղի է ունենալու կառավարության անդամների հետ հարց ու պատասխան, որին, ըստ օրենքի, պետք է վարչապետը ներկայանա։ Պայմանավորվեցին՝ այդ նույն ժամին ԱԺ դիմաց՝ Բաղրամյան պողոտայում հանրահավաք անցկացնել։
«Չորեքշաբթի՝ ժամը 16։00-ին, բոլորս հավաքվում ենք Բաղրամյան պողոտայում, որ մեր ձայնը հասցնենք այս խորհրդարանին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև ընդգծեց, որ վաղը ևս շարունակվելու են բողոքի, անհնազանդության ակցիաները, քանի որ ՀՀ նախագահի և բանակի վրա շարունակվում են ճնշումները, և ժողովրդի ամեն օրվա աջակցությունը շատ կարևոր ու անհրաժեշտ է արդյունքի հասնելու համար։
«Քիչ առաջ գերագույն-գլխավոր խելագարը այն մյուս հրապարակում հայտարարել է, որ ինքը ներողություն է խնդրում Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ժողովրդից՝ իր գործած բոլոր սխալների համար։ Եկեք շատ հստակ ասենք՝ Նիկո՛լ, ներողությունը շատ քիչ է, ներողությունով մենք մեր կորցրած տղերքին հետ չենք բերելու, ներողությունով Շուշին ու Հադրութը հետ չենք բերելու, մենք ներողությունով չենք բավարարվելու՝ դու պետք է հեռանաս և վե՛րջ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումն այսօր երթ չարեց նաև սադրանքների չտրվելու համար։