կարևոր
351 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-01 15:49

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագծին

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագծին

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագծին:

Անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի և Վարդան Աթաբեկյանի ներկայացրած նախագիծը հանձնաժողովի փակ նիստում ենթարկվել է որոշ փոփոխությունների:

«Սա լրամշակված, վերջնական տարբերակն է: Բոլոր առաջարկները, որոնք արվել են Արտաքին գործերի նախարարության կողմից, մենք ընդունել ենք»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Նախագծով առաջարկվում է դատապարտել Ադրբեջանի կողմից իր վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման միջազգային մարդասիրական գործընթացի և միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված դրույթների կոպիտ խախտումն ու ոտնահարումը, ինչպես նաև միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը վերստին հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա, հասնել միջազգային հանրության դատապարտող հայտարարություններին Ադրբեջանի նկատմամբ:

Հայտարարության ընդունմամբ ակնկալվում է միջազգային կառույցների, միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացը կյանքի կոչելուն:

Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ խորհրդարանի հայտարարության նախագիծը հանձնաժողովի նիստում արժանացավ միաձայն դրական եզրակացության: