կարևոր
543 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-01 13:13

ԱԽ նիստին Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը չեն մասնակցել

ԱԽ նիստին Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը չեն մասնակցել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել:

Քննարկվել են արտաքին եւ ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր: Անվտանգության խորհրդի նիստին չի մասնակցել խորհրդի անդամ, Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը:

Վարչապետի մամուլի քարտուղարը «Yerkirmedia.am»-ի հետ զրույցում նշել է, որ ԳՇ պետը նիստի անցկացման վերաբերյալ տեղեկացված է եղել, բայց չի ներկայացել: Նիստին չի մասնակցել նաեւ Հանրապետության նախագահը: Մանե Գեւորգյանը մեզ հետ զրույցում նախ հայտնել է, որ նախագահին մասնակցության հրավեր չի ուղարկվել, քանի որ խորհրդի մշտական անդամ չէ, եւ եթե նախորդ դեպքերում որոշ նիստերի Արմեն Սարգսյանը մասնակցել է, ապա այս անգամ այդ դեպքը չէր:

Ի պատասխան ճշտող հարցին, թե արդյոք դա կապ ունի նախագահի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը չստորագրելու հետ, Մանե Գեւորգյանն ասել է, որ դա հրավեր չուղարկելու հետ կապ չունի:

Վարչապետի խոսնակը քիչ ավելի ուշ կապվեց մեզ հետ ու շտկեց տեղետվությունը՝ հայտնելով, որ նախագահին մասնակցության հրավեր ուղարկվել է: Նախագահի աշխատակազմից մեզ հետ զրուցում տեղեկացրին, որ Արմեն Սարգսյանին նիստին մասնակցելու հրավեր ուղարկվել է, բայց նախագահը վատառողջ լինելու պատճառով չի մասնակցել: