04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը: Այս մասին տեղեկացնում է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Ինչպես գիտեք, 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։
ՀՀ գլխավոր դատախազությունը նշված հաղորդումը ուղարկել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ հատուկ քննչական ծառայությունը խուսափել է քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելուց, այդ հաղորդումը կցելով մեկ այլ քրեական գործի նյութերին:
Հատուկ քննչական ծառայության այս անգործությունը բողոքարկվել էր դատարան:
Դատարանն (դատավոր Հ.Մանուկյան) այսօր որոշել է՝
«Արա Զոհրաբյանի և Արմինե Ֆանյանի կողմից ներկայացված բողոքը բավարարել: Ճանաչել Արա Զոհրաբյանի և Արմինե Ֆանյանի իրավունքների և ազատությունների խախտումը: Վարույթն իրականացնող մարմնի համար սահմանել պարտականություն վերացնելու դրանք՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:»:
Դատարանն ըստ էության հաստատել է, որ դատախազությունը և հատուկ քննչական ծառայությունը խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները:
Թե ինչու են ՀՀ դատախազությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խուսափում պետական դավաճանության փաստով քրեական գործ հարուցելուց, առանձին քննարկման հարց է: