370 դիտում, 2021.02.28 13:06

Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը կկայանա մարտի 1-ին

Փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը կկայանա մարտի 1-ին

Փոխվարչապետերի մակարդակում Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) հերթական նիստը կկայանա մարտի 1-ին տեսակապով: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Կողմերը պայմանավորվել են անցկացնել աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեսակոնֆերանսի ռեժիմում 2021 թվականի մարտի 1-ին»,-ասել է նա:

Նախորդ հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են համատեղ աշխատանքի հիմնական ոլորտները, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի իրագործումից:

Կողմերը դիտարկել են փորձագիտական խմբերի՝ երկաթուղու, ավտոմեքենաների եւ համակցված բեռնափոխադրումների մասին հաշվետվությունները, ինչպես նաեւ փոխադրումներն ապահովելու հարցերը, այդ թվում՝ անվտանգությունը, մաքսային, սահմանային, սանիտարական, ֆիտոսանիտարական եւ այլ տիպի հսկողության հարցերը:

Փոխվարչապետի խոսքով՝ նիստից հետո կողմերի իրավասու մարմիններին առաջարկվել է անցկացնել ԱՊՀ շրջանակում կնքված միջազգային պայմանագրերի գույքագրում:

Օվերչուկը նշել է, որ աշխատանքային խումբը որոշում է կայացրել վերջնականացնել զեկույցի նախագիծը  տրանսպորտային ենթակառուցվածքի նոր օբյեկտները վերականգնելու եւ կառուցելու շուրջ միջացառումների ժամանակացույցի եւ տեսակների մասին, ինչն անհրաժեշտ է անվտանգ միջազգային բեռնափոխադրումները կազմակերպելու, իրականացնելու եւ ապահովելու համար:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախորդ հանդիպումները տեղի են ունեցել հունվարի 30-ին, փետրվարի 12-ին և 27-ին:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով: