316 դիտում, 2021.02.28 12:56

Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի. Արցախի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի. Արցախի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել.

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Ծրագրված զանգվածային ջարդերի արդյունքում 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի մայրաքաղաքին անմիջապես մոտիկ գտնվող Սումգայիթ քաղաքում տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները խեղվեցին, տասնյակ հազարները արտաքսվեցին: Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր թողտվությամբ և իրավապահ մարմինների լիակատար անգործության պայմաններում բազմահազարանոց քաղաքը երեք օր շարունակ տրվեց զինված ջարդարարներին, որոնք անպատիժ և հատուկ դաժանությամբ սպանում էին ազգությամբ հայ քաղաքացիներին:

Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի, որոնք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում իրագործվում էին հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակներում:

Խոնարհվում ենք Ադրբեջանի զանգվածային հանցագործությունների և մարդատյաց քաղաքանության անմեղ զոհերի հիշատակի առաջ և կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ պարտադրելու Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել հանցավոր քաղաքականությունից և նախապայմաններ ստեղծել տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման համար»։