Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով: «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է արտգործանախարար Արա Այվազյանը ու հավելել՝ որեւէ կարգավիճակով ու որեւէ պայմաններում Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի իրավասության ներքո:
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախի՝ որպես անկախ պետության ճանաչմանը, ապա, նախարարի խոսքով, Երեւանը հավատարիմ է մնում բանակցային գործընթացին, ու այսօրվա դրությամբ հայկական կողմի օրակարգում դրված է հենց խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման հարցը:
Հարցազրույցի ժամանակ Արա Այվազյանը խոսել է նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված օտարերկրյա վարձկանների մասին ու ասել, որ վարձկանները պետք է անհապաղ եւ ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից:
«Ադրբեջանի ղեկավարության որոշումը՝ երկիրը վերածել թուրքական սատելիտի եւ ահաբեկչության օջախի, լուրջ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային անվտանգության համար»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: