կարևոր
433 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-26 20:18

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշներին

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնար Քուշների գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Բեռնար Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով եւ այցելել է նաեւ Արցախ:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այս բարդ օրերին Հայաստան եւ Արցախ այցելելու եւ հայ ժողովրդի կողքին գտնվելու համար: «Իրական բարեկամները դժվարության պահին են ճանաչվում»,-ասել է նախագահը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի կողմից աջակցության ջանքերը:

Բեռնար Քուշները Հանրապետության նախագահին տեղեկություններ է ներկայացրել Արցախ կատարած այցի, իր տպավորությունների, ինչպես նաեւ իրականացվող մարդասիրական նախագծերին օժանդակելու մտադրության մասին: