կարևոր
564 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-26 20:05

Եթե Փաշինյանը հանի Օնիկ Գասպարյանին՝ բանակը պետք է ոտքի կանգնի․ Վազգեն Մանուկյան

Եթե Փաշինյանը հանի Օնիկ Գասպարյանին՝ բանակը պետք է ոտքի կանգնի․ Վազգեն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարելու անվան տակ մտավ բանակ և բանակը կոտրեց: Այս մասին հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ։

«Բանակը հլու-հնազանդ ենթարկվեց այդ ջարդին՝ ժողովուրդը ծափահարում էր։ «Գեներալ» բառը հայհոյանք էր դարձել արդեն։ Մենք դրա հետևանքը տեսանք պատերազմի ժամանակ։ Հիմա կատարվում է երկրորդ քայլը՝ այդ տեղակալ հանելը, այդ բորբոքվածությունը, որ առաջացավ բանակում, նորից փորձ է կատարվում ջարդել բանակը, որովհետև բանակը ինքնուրույն է»,-բացատրեց Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ հիմա այսպիսի վիճակ է․ Նիկոլը քայլ արեց՝ բանակը իր քայլը արեց՝ բանակը ասաց, որ Նիկոլին չի ընդունում։ Նիկոլը դիմեց՝ Օնիկ Գասպարյանին հանելու։

«Հիմա ի՞նչ կարող է լինել։ Եթե նրան չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին՝ ինքը պարտված է բոլոր ուժային կառույցների աչքի առաջ։ Դա նշանակում է՝ նրան արդեն չի ենթարկվի ոչ մի ուժային կառույց, որովհետև ինքը պարտվեց։ Իսկ եթե ինքը հաղթի և կարողանա ՍԴ-ով կամ ՀՀ նախագահի միջոցով հանել, ի՞նչ կլինի դրանից հետո։ Բնական տրամաբանությունն այն է, որ բանակը պետք է ոտքի կանգնի։ Եվ այդ ժամանակ ամենավճռական օրերն են սկսվում Հայաստանի»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ բանակը ոտքի կկանգնի, իսկ եթե չկանգնի՝ բոլորս պետք է ոտքի կանգնեցնենք։