կարևոր
380 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-26 14:56

Հայտնի է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպման օրը

Հայտնի է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպման օրը

Մոսկվայում փետրվարի 27-ին տեղի կունենա Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի  հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Դա լինելու է ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախորդ հանդիպումները կայացել են հունվարի 30-ին և փետրվարի 12-ին:

Հունվարի 30-ին կայացած հանդիպման ընթացքում եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում էին կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով:

Փետրվարի 12-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերի իրականացումից: Համաձայնեցվել է հետագա աշխատանքի ժամանակացույցը:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով: