կարևոր
1136 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-26 13:37

Փաշինյանի կողմում մեծ մասամբ անտարբեր մարդիկ են․ Վազգեն Մանուկյան

Փաշինյանի կողմում մեծ մասամբ անտարբեր մարդիկ են․ Վազգեն Մանուկյան

Հայաստանում, իմ գնահատականով, մարդկանց առնվազն 80 տոկոսը դեմ է իշխանությանը։ Այս մասին ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում, որը Հայրենիքի փրկության շարժման ցուցարարները երկկողմ փակել են և պահանջում են, որ ԱԺ-ն նիստ գումարի ու դադարեցնի Նիկոլ Փաշինյանի լիազորությունները իբրև վարչապետ։  

«Պլան Ա-ն (Նիկոլ Փաշինյանի հենարանները կոտրելը) իրեն շատ լավ արդարացնում է, որովհետև գրեթե չի մնացել Հայաստանում ինստիտուտ, որը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսինքն, ինքը կորցնում է իր հենարանները, և որևիցե պլան Բ-ի անհրաժեշտություն կարող է չառաջանալ։ Պլան Բ-ն դա ոչ թե դու՝ ինքդ ես իրականացնում, այլ ժողովուրդը՝ ինքը․ բախում է տեղի ունենում, անհամաձայնություն է տեղի ունենում՝ ինքն իրեն բռնկվում է»,-ասել է Մանուկյանը։

Խոսելով Փաշինյանի՝ երեկվա հանրահավաքի մասին, Մանուկյանն ասել է, որ հավաքված մարդկանց թվում շատ ոստիկաններ կային, որոնք քաղաքացիական հագուստով էին, և մի քանի շուկայի և օլիգարխի աշխատողներ, որոնց բերել էին այնտեղ։

«Ոչ մի էներգետիկա չկար դրա մեջ, և զարմանալի է, որ վարչապետն ուզում է երթ հավաքի ու այդքան քիչ մարդ է գալիս։ Դա ցույց է տալիս, որ այն կողմում մեծ մասամբ անտարբեր մարդիկ են, որոնք այս կողմում չեն, բայց այն կողմում էլ չեն՝ իրենց գլուխը պահելու համար համաձայնում են, երբ իրենց պարտադրում են գնալ ինչ-որ տեղ»,-ասել է Վազգեն Մանուկյանը։

Մանուկյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ցանկացած մարդու համբերությունից հանել։

«Հիմա ինքն ուզում է անօրինական ձևով աշխատանքից ազատել ՀՀ ԶՈւ ԳՇ պետին, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը»,- ասել է նա։