831 դիտում, 9 ամիս առաջ - 2021-02-24 23:02

Ադրբեջանական լրատվամիջոցներում շարունակվում են ՀՀ ՄԻՊ-ի վերաբերյալ վիրավորանք ու ատելություն պարունակող հրապարակումները

Ադրբեջանական լրատվամիջոցներում շարունակվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ վիրավորանք ու ատելություն պարունակող հրապարակումներ` անվանելով «ֆաշիստական մանրէով վարակված չինովնիկ», «երկերեսանի» և այլն: Այս մասին տեղեկանում ենք Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։

«Ադրբեջանական լրատվամիջոցի այս հոդվածը Պաշտպանի այն հայտարարությունների կապակցությամբ է, որոնք առնչվում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը: Ըստ հոդվածի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հարցերով հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում:

Հոդվածն ինքնին այնպիսին է, որ դարձյալ ակնհայտ ցուցադրում է հայատյացության հիմքեր:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները` անկախ իր կարգավիճակից բխող օրինական գործունեության նկատմամբ որևէ ճնշումից»: