կարևոր
920 դիտում, 3 ամիս առաջ - 2021-02-24 22:06

Փաշինյանը թշնամու հետ խնդիր չունի, իսկ մեր՝ թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա կանգնած լինելը խնդիր է. Առուշ Առուշանյան

Փաշինյանը թշնամու հետ խնդիր չունի, իսկ մեր՝ թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա կանգնած լինելը խնդիր է. Առուշ Առուշանյան

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը չի հետեւել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի վերաբերյալ նախօրեին արած հայտարարություններին։ Նա Փաշինյանի ասածները լուրջ չի ընդունում եւ համարում է, որ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարական տա, որովհետեւ աշխարհում «հայ ազգին խայտառակում է իր չմտածված հայտարարություններով»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

 «Եթե Ձեր նշած մարդը անվտանգության գոտին պահողներին ասելով՝ նկատի ունի սյունեցիներին, ապա, իհարկե, սյունեցիները պատրաստակամ են, իսկ եթե նկատի ունի, որ ինքն է այդ գիծը կամ սահմանը պահողը, ապա, բնականաբար, կարող եմ հիշեցնել,  որ ինքն է այն մարդը, որը 26 կմ հետ է բերել եւ Սյունիքն ամբողջությամբ առաջին գիծ սաքրել, հետեւաբար, այդ մարդն իրավունք չունի նման կերպ արտահայտվել։ Առհասարակ, այդ մարդու ասածները լուրջ չեմ ընդունում եւ չեմ էլ ուզում մեկնաբանեմ, բայց դրա վերաբերյալ կավելացնեմ, որ եթե սյունեցիներն իրենց անվտանգության գոտին պահել էին 26 կմ առաջ, եւ տվյալ անձը պատմական հողերը տվել է ու թշնամուն բերել է, սյունեցիներից մի քանի մետր հեռավորության վրա կանգնեցրել, եթե սա ինքն անվտանգ է համարում, գուցե իր համար անվտանգ լինի, որովհետեւ կարծում եմ՝ ինքը թշնամու հետ խնդիր չունի, իսկ մեր՝ սյունեցիներիս ու ՀՀ յուրաքանչյուր  քաղաքացու համար թշնամու հետ  մի քանի մետր հեռավորության վրա կանգնած լինելն արդեն խնդիր է»,- ասել է Առուշ Առուշանյանն՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե ինքը կարծում է, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ է գործում։

Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում ընդունել էր, որ Սյունիքում  միջավայրը փոխվել է, ինչի հետեւանքով լարումներ են առաջացել, բայց համոզմունք էր հայտնել, որ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մտադիր են Սյունիքում լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել։

«Իրենք դեռ պրոյեկտների հատակագիծ են մշակում, իսկ Շուռնուխում կառուցվող հենապատերը, տները բարերարների շնորհիվ են կառուցվում։ Թե ինչ է ինքն ասում, ես չգիտեմ։ Տեսեք, վերջին տարիներին Սյունիքի տարբեր համայնքներում լայնածավալ շինարարություններ են եղել, եւ դրանք շարունակական բնույթ են կրում։ Ձեր նշած անձը գալիս էր Սյունիք եւ կոնկրետ Գորիսում կատարվող շինաշխատանքներին ականատես լինում, հետեւաբար հիմա ներկայացնել, որ 2021թ.–ին  սա է լինելու... ասեմ, որ 2021թ.–ի համար մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, որ արվում են եւ իրենց ավարտից հետո  դրանց տրամաբանական շարունակությունն է նաեւ լինելու, եւ մարդկանց աշխատանքը վերագրել իր վրա, կարծում եմ՝ էժան  PR է, որը պետք չէ լուրջ դիտարկել։ Սյունիքը շենանում է եւ շենանալու է»,- ընդգծել է Առուշանյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե  ապաշրջափակմամբ շահագրգիռ են տարածաշրջանային բոլոր պետությունները, եւ հարցին, թե օրինակ, սյունեցիները շահագրգի՞ռ են,  Գորիս համայնքի ղեկավարն արձագանքեց.

«Երբ կունենանք լեգիտիմ, պետության մասին մտածող իշխանություն, այդ դեպքում իրենց կարծիքը կքննարկենք  եւ կանենք դրանից բխող շահավետ քայլերը։ Այս պահի դրությամբ ցանկություն չունեմ այդ մարդու մտքերը մեկնաբանել, կամ հասկանալ դրա դրական եւ բացասական կողմերը»։

Անդրադառնալով հարցին, թե հիմա  ինչ իրավիճակ է տիրում Սյունիքում եւ անվտանգության հետ կապված բնակչության տրամադրվածություններն ինչպիսին են, Գորիս համայնքի ղեկավարը կարճ պատասխանեց. «Դե մենք սյունեցի ենք, մենք սովոր ենք, միշտ էլ պատերազմի մեջ ենք եղել»։