կարևոր
466 դիտում, 2 ամիս առաջ - 2021-02-24 12:49

«Փաշինյանը կասկածի տակ է դրել ռուսական «Իսկանդերի» արդյունավետությունը»․ ռուսական մեդիադաշտում մեծ արձագանք է գտել Փաշինյանի հայտարարությունը

«Փաշինյանը կասկածի տակ է դրել ռուսական «Իսկանդերի» արդյունավետությունը»․ ռուսական մեդիադաշտում մեծ արձագանք է գտել Փաշինյանի հայտարարությունը

Ռուսական մեդիադաշտում մեծ արձագանք է գտել «Իսկանդեր» համալիրի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգյանի այն հայտարարությունը, թե ինքը զարմացած է՝ ինչո՞ւ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդերը» չի կրակել, Փաշինյանը ասել է. «Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:

Փաշինյանի այս խոսքերը տեղ են գտել ռուսական գրեթե բոլոր հեղինակավոր լրատվամիջոցներում` «Փաշինյանը կասկածի տակ է դրել ռուսական «Իսկանդերի» արդյունավետությունը» վերնագրով:

Փաշինյանին պատասխանել են նաեւ Պետդումայից: Ռուսաստանի եւ Սիրիայի խորհրդարանների բարեկամական խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը նշել է, թե «Իսկանդերն» իր բարձր որակներն ապացուցել է Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմի ընթացքում, եւ Փաշինյանի պնդումները խոսում են առնվազն նրա ոչ կոմպետենտության մասին: «Վատ պարողին ոտքերն են խանգարում: Ժողովրդական այս խոսքը լավագույնս է բնութագրում Հայաստանի վարչապետի խոսքերը վերջին պատերազմում Իսկանդերների օգտագործման և դրանց «հնացման» մասին»,- ասել է Սաբլինը` հավելելով, որ «սա վկայություն է այն բանի, թե ինչպես է փողոցը բարձրագոչ գեղեցիկ կարգախոսներով՝ օտարի, թշնամական սցենարով իշխանության է բերում իր երկիրը կործանող մարդուն»։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր նաեւ, թե «Իսկանդերն» 80-ականների զենք է: Մինչդեռ օպերատիվ-մարտավարական հրթիռային այդ համակարգերի ստեղծման ծրագիրը մեկնարկել է 90-ականներին, բայց արտադրության է դրվել միայն 2006 թվականին: Եվ Հայաստանը միակ երկիրն է, որին Ռուսաստանը վաճառել է այդ զինատեսակը: