Այսօր՝ փետրվարի 23-ին ժամը 21:00-ի սահմաններում Երևանում ավտովթար է տեղի ունեցել: Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Արա Քարհանյանն իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել շուկայի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մեջ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները տեղում նախ բուժօգնություն են ցուցաբերել 5 քաղաքացու, որից 3-ը հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, 2-ն էլ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ, հավանաբար, վերջիններս վրաերթի են ենթարկվել:
Բարեբախտաբար, կրպակի ներսում գտնվող մի քանի աշխատակիցներ չեն տուժել, սակայն կրպակը կրել է նյութական մեծ վնաս՝ կոտրվել են ապակիները, թափվել ու վնասվել է գույքն ու մեծ թվով ծաղիկներ:
Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածների և ծաղկի կրպակի սեփականատիրոջ ինքնությունը: