Ոստիկանները հարձակվել եւ բռնի ուժ են գործադրել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի նկատմամբ: Տասնյակ ոստիկաններ փորձել են Սաղաթելյանին բերման ենթարկել, սակայն դա նրանց չի հաջողվել:
«Նիկոլին օր ու արեւ չեմ տալու, թող բոլորն իմանան, խոստանում եմ, քանի ես կամ, կամ մահ, կամ՝ ազատություն: Բոլոր հանցագործները պատասխան են տալու: Նիկոլը պիտի տուն գնա, որ այս երկիրը փրկենք այս բռնապետությունից»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 57 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն: Այս մասին «Երկիրն այսօրին» հայատնել է ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Ոստիկանների գործողությունների հետեւանքով, բերման ենթարկվելու ժամանակ կոտրվել է ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանին ոտքը: Ռազմիկը հայրենադարձ է: Նա ոստիկանական բաժանմունքից տեղափոխվում է 8-րդ հիվանդանոց: Այս դեպքի առթիվ Հայաստանի ոստիկանապետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ դեռ չէին էլ հավաքվել, երբ Հանրապետության Հրապարակի մետրոյին կից այգու ողջ երկայնքով աննախադեպ ոստիկանական ու ԱԱԾ ուժերով պատ էր կանգնեցվել:
Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում։