212 դիտում, 2021.02.23 17:06

Արա Սաղաթելյանի աջակիցները ԱԱԾ-ին գրքեր «նվիրեցին»

Արա Սաղաթելյանի աջակիցները ԱԱԾ-ին գրքեր «նվիրեցին»

ԱԱԾ-ի առջև այսօր ակցիա իրականացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աջակիցները: Այստեղ էին հակաադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետները, որոնք իրենց հետ բերել էին «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հրապարակված մի շարք գրքեր:

«Ադրբեջանի թեմատիկայով  մեր 10 տարվա աշխատանքի 0,5% բերեցինք ԱԱԾ, որ կցեն Արա Սաղաթելյանի գործին, որպես իրեղեն ապացույց:

Իրեղեն ապացույց թիվ 1՝  «Հայատյացությունն Ադրբեջանում» գիրք, որի համահեղինակն ենք ես և Արմինե Ադիբեկյանը:  Այստեղ նկարագրված է և ներկայացված է Ադրբեջանում հայատյացության ամբողջ խնդրի ակունքները, զարգացումը, ներկա իրավիճակը և ապագան, որը, ցավոք սրտի, այնուամենայնիվ հայանպաստ չի լինելու, և պետք չէ ունենալ որևէ պատրանքներ, թե ադրբեջանցիները սկսեցին անսպասելիորեն սիրել»,- ԱԱԾ-ի առջև ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ ցուցադրելով նաև գրքի անգլերեն և ռուսերեն տարբերակները»,- ներկայացրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

Ադրբեջանագետը ներկայացրեց նաև գրքեր, որտեղ արձանագրված էին Ադրբեջանում պետական քաղաքականությամբ հայատյացության ներմուծումը մանկական գրականության դպրոցական գրականության մեջ, խավիարային դիվանագիտության մասին, թե ինչպես է Ադրբեջանը գնում լոբբիստներ ամբողջ աշխարհում, Արցախյան հակամարտության պատմության և քրոնիկոնի մասին գրքեր, և այլն:

Մի շարք գրքեր ներկայացրեց նաև փորձագետ Մարինա Գրիգորյանը, ապա ակցիայի մասնակիցները գրքերը հանձնեցին ԱԱԾ:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին դատարանը բավարարեց Արա Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ քննիչի միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանավորումը: Փաստաբանը նշեց, որ որոշումը բողոքարկվելու է: ԱԱԾ-ն, այսպես կոչված «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով, փետրվարի 19-ի երեկոյան միաժամանակյա խուզարկություններ էր իրականացրել հանրային մի շարք գործիչների՝ ադբեջանագետ Անժելա Էլիբեկովայի, իրավաբան Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, քաղաքագետ Քառյակ Մեդիայի համահիմնադիր Կարեն Բեքարյանի տանը։ 

Այս գործով ձերբակալվել էին Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Լևոնի Սարգսյանը Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկվել էր դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք էր առաջադրել նրանց՝ այսպես կոչված «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի, 226.2-րդ հոդվածով և 307.4-րդ հոդվածով՝ բռնության կոչեր, ազգային մոլեռանդություն տարածելու և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության շրջանառության կանոնները խախտելու հատկանիշներով։

Արամ Սարգսյանը կալանավորվել է, իսկ Մհեր Ավագյանը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, մերժեց քաղաքագետ, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց: Դատարանը, միևնույն ժամանակ, ոչ իրավաչափ ճանաչեց Բեքարյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։