332 դիտում, 2021.02.23 11:46

Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին

Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին

Ոստիկանությունը բերման է ենթարկել Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ակցիա իրականացնող եւ Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարական մասնաշենք խոչընդոտել փորձող բազմաթիվ քաղաքացիների: Շուրջ մեկ տասնյակից ավելի քաղաքացի արդեն բերման է ենթարկվել։

Նախքան Փաշինյանը գալը դեպի Կառավարաության մասնաշենք տանող բոլոր հատվածներում հարյուրավոր ոստիկաններ են եղել կուտակված բոլոր կողմերից եւ թույլ չեն տվել բողոքի ակցիա իրականացող քաղաքացիներին մոտենալ մասնաշենքին:

«Ամեն անկյունում հարյուրավոր քաղաքացիներ հավաքված են, չեն կարողանում գնալ աշխատավայրեր, սա քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանափակում չէ՞։ Սա՞ է նրանց դեմոկրատիան, թե՞ որոշել են, ինչպես երեկ նրանց ուսապարկերից մեկն էր ասել՝ կրակել ժողովրդի վրա»,-հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ով մասնակցում է կառավարության 3-րդ մասնաշենքը Նիկոլ Փաշինյանի դեմ շրջափակելու՝ քաղաքացիների բողոքի ակցիային։

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Քիչ առաջ բերման են ենթարկել մի քանի տասնյակ Հանրապետականների։ ՀՀԿ գրասենյակն առավոտվանից պաշարված է ոստիկանական ուժերով։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տեղեկացնում է, որ ոստիկանությունն ապօրինի ձերբակալել է «Հայրենիք» կուսակցության խորհրի անդամ Սոս Հակոբյանին, կուսակցականներ Բաբկեն Հարությունյանին և Դավիթ Բաղդասարյանին: «Հատուկ այս թրքապաշտպան ոստիկանությանը տեղեկացնում եմ. չի ընդունվելու՝ «հրաման ենք կատարել» արդարացումը: Անցել են այդ ժամանակները և նոր իշխանությունը ձեր նմանների կարիքը երբեք չի ունենալու»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան քաղաքացիները շրջափակել էին կառավարական երրորդ մասնաշենքը, որի ընթացքում ոստիկանությունը գործել է բավական ագրեսիվ քաղաքացիների նկատմամբ՝ նրանց հրմշտելով, գետնին գցելով բերման ենթարկել։