կարևոր
650 դիտում, 8 ամիս առաջ - 2021-02-22 15:52

Արցախի ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում մեկ շաբաթում ստացվել է 838 զանգ

2021 թվականի փետրվարի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 838 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ վերջին 7 օրվա ընթացքում զանգերի թիվն ավելացել է 46-ով: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։

Մեկ շաբաթվա կտրվածքով նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների և հրդեհների դեպքերը:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով անցած շաբաթվա ընթացքում ինժեներահետախուզական և զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքները ժամանակ առ ժամանակ դադարեցվել են: Շաբաթվա ընթացքում ռազմամթերքի հայտնաբերման, պահեստավորման կամ ոչնչացման մասով ստացվել է ընդհանուր 25 կանչ:
Չնայած շաբաթը տեղումնառատ է եղել, գրանցվել են նաև հրդեհի դեպքեր: Դրանք հիմնականում կենցաղային բնույթի էին: Բարեբախտաբար մարդկային տուժածներ ու նյութական վնասներ չեն գրանցվել:
Ահազանգման կենտրոնում ստացված 41 կենցաղային կանչերի մեծ մասը հիմնականում ջրամատակարարման, դռան բացման, հիվանդի տեղափոխման և վերելակի բացման դեպքեր են: Վերելակների անսարքության հիմնական պատճառը հաճախակի հոսանքազրկումն է:
Շաբաթվա ընթացքում ՃՏՊ դեպքեր չեն արձանագրվել, ինչը քաղաքացիների սթափության և ճանապարհային ոստիկանության գերազանց աշխատանքի արդյունքն է: Եղանակային գործոնով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու:
ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում հաճախակի ընդմիջումներով շարունակել են որոնողափրկարարական աշխատանքները: Առանց ադրբեջանական կողմի որևէ մեկնաբանության կամ պատճառի՝ որոնումներն անորոշ ժամանակով հետաձգվել են:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1485 զինվորական և քաղաքացիական անձանց աճյուններ:
Նախորդ շաբաթվա ընթացքում ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ ծառայության տնօրեն գնդպապետ Մեխակ Արզումանյանն ընդունել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են գործընկեր կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։