24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Փետրվարի 21-ին ՀՀ դեսպանությունը մասնակցեց Երկրորդ համաշխարհայինի ընթացքում Ֆրանսիայի ազատագրման «Դիմադրություն» շարժման հայազգի ականավոր ներկայացուցիչ Միսակ Մանուշյանին և նրա զինակիցներին նվիրված հիշատակի ամենամյա միջոցառմանը:
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, միջոցառումն ավանդաբար տեղի է ունենում Փարիզի 20-րդ թաղամասում Մանուշյանի անունը կրող փողոցում, ուր վեր է խոյանում Մանուշյանի և նրա խմբի անդամների վիթխարի որմնանկարը և զետեղված են նրանց սխրանքն անմահացնող հուշատախտակները։
«Խորին շնորհակալություն և գնահատանք Փարիզի 20-րդ թաղամասի ղեկավար Էրիկ Պլիեզին, ավագանու անդամներին, չնայած սանիտարական սահմանափակումներին, Մանուշյանականների հիշատակի ամենամյա ոգեկոչման ավանդույթը պահպանելու և այս տարի ևս այն պատշաճորեն կյանքի կոչելու համար։ Շնորհակալություն նաև Փարիզի ավագանու անդամներին, խորհրդարանականներին միջոցառմանը մասնակցելու և հարգանքի տուրք մատուցելու համար։ Արյունով հայ, իսկ թափված արյունով՝ ֆրանսիացի Միսակ Մանուշյանի, ինչպես նաև նրա խմբի անդամների դաժան վախճանից 77 տարի անց նրանց անձնուրաց պայքարը՝ հանուն ազատության և համամարդկային արժեքների, այսօր էլ արդիական է և ներշնչում է սերունդներին։ Մանուշյանի ազատատենչ և ինքնազոհ ոգին սնուցվում է հայ ժողովրդի արդար մաքառումից և այսօր էլ թևածում է հայրենյանց երկնքում մեր անմահ տղաների կողքին։ Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսների սխրանքին և առ հայրենիք նրանց սիրուն», նշվում է դեսպանության հաղորդագրության մեջ։