կարևոր
485 դիտում, 8 ամիս առաջ - 2021-02-22 12:33

Այսօր Արտավազդ Փելեշյանի ծննդյան 83 ամյակն է

Փետրվարի 22-ին գեղարվեստական եւ վավերագրական կինոյի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանի 83 ամյակն է։ Համարվում է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2004), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1996), Հայկական ԽՍՀ պետական ​​մրցանակի դափնեկիր (1985), Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ֆրանսիայի SCAM-ի անդամ (1991)։

Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում, այժմ՝Գյումրի։ Մինչև 1963 թվականն ապրել է Կիրովականում, սովորել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Քրիստիի արվեստանոց)։ Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը կամ դիստանցիայի տեսությունը» աշխատությունը, մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ է ներկայացնում։ 1988 թվականին հրատարակեց «Իմ կինոն» գիրքը, ուր զետեղված էին տեսական աշխատանքներն ու սցենարները։ Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները՝ երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն: 

Արտավազդ Փելեշյանը ռեժիսուրայի արվեստի մասին դասավանդել է բազմաթիվ համալսարաններում եւ կինոդպրոցներում: Երեւանի Թատրոնի եւ Կինոյի Պետական Ինստիտուտի և Հայ-Ռուսական Համալսարան դոկտոր եւ պրոֆեսոր է: 

Աշխատել է Բելառուսֆիլում, Հայֆիլմում, Գորկու անվան ստուդիայում, Մոսֆիլմում, Մոսկվայի գիտական ֆիլմերի կենտրոնում։ Փարիզում աշխատել է ֆիլմերի վրա Fondation Cartie-ի համար եւ Կարլսրուհեում (Գերմանիա) ZTKM-ի համար։ 2015 թվականին Ֆրանսիայի Լեոն քաղաքի Լյումիեր եղբայրների թանգարանում բացվել է պատվոտախտակ՝ «Արտավազդ Փելեշյան»։

Փելեշյանի ծննդյան առթիվ ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը գրառում է արել.

«Զարմանալի առատաձեռն ժողովուրդ ենք:

Ամերիկյան կինեմատոգրաֆին տվել ենք Ռուբեն Մամուլյան, ֆրանսիական կինոյին տվեցինք Անրի Վերնոյ, խորհրդային կինեմատոգրաֆին ՝ Արտավազդ Փելեշյան: Բայց միևնույն ժամանակ պետք է խոստովանենք, որ խորհրդային կինեմատոգրաֆում ավելի ազգային և ավելի հայկական կինո, քան Արտավազդ Փելեշյանի կինոն էր, թերևս դժվար է գտնել: Եվ ինչպես ինքը` մեծ վարպետն է ասում. «Թեպետ իմ ֆիլմերում չկա հայերեն լեզուն, բայց այնտեղ կան շատ հայկական մտքեր»: Եվ մեկ այլ բնորոշմամբ վարպետն ասում է. «Իմ ֆիլմերն ունեն կարևոր մի առավելություն` իմ ֆիլմերում չկա խոսք, բայց միևնույն ժամանակ իմ ֆիլմերում կա մի մեծ բացթողում` այնտեղ բացակայում է խոսքը»:

Սիրելի՛ վարպետ, շնորհավորում ենք Ձեր տարեդարձը։ Դուք մեր իրականության մեջ ընկալվում եք Ձեր իսկ «Մենք» ֆիլմի նման. այստեղ բացակայում է միջին պլանը` կա՛մ Դուք մեր սրտերում և հոգիներում եք խոշոր պլանով, կա՛մ Դուք մեզ հետ եք ընդհանուր պլանի մեջ` մեր ժողովրդի, մեր ազգի հետ:

Մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ լրագրողներից մեկը Արտավազդ Փելեշյանին հարցրեց. «Ի՞նչ կանեք, եթե չգտնեք գումար Ձեր «Հոմո սապիենս» ֆիլմը նկարելու համար»: Վարպետը պատասխանեց.«Դուք գիտեք, ես ձեզ համար եմ ասում` ես այդ ֆիլմը վաղուց եմ տեսել»:

Սիրելի՛ վարպետ, երանի հաճախակի հայտնվենք Ձեր երևակայական աշխարհում և հենց այդ երևակայական աշխարհում էլ կառուցենք մեր հայրենիքի ապագան:

Ընդունեք մեր սրտի շնորհավորանքը և խորին խոնարհումը»: