կարևոր
1329 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-22 19:54

Մերժվել է Կարեն Բեքարյանի կալանվորման միջնորդությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, մերժեց քաղաքագետ, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց:

Դատարանը, միևնույն ժամանակ, ոչ իրավաչափ ճանաչեց Բեքարյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ի երեկոյան Ազգային Անվտանգության ծառայության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել հանրային մի շարք գործիչների՝ ադբեջանագետ Անժելա Էլիբեկովայի, իրավաբան Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, քաղաքագետ Քառյակ Մեդիայի համահիմնադիր Կարեն Բեքարյանի տանը։ Վերջինս բերման է ենթարկել։ Գրեթե միաժամանակ, բերման է ենթարկվել նաեւ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը: Ավելի ուշ Գոհար Մելյոյանն ու Անժելա Էլիբեկովան ազատ են արձակվել։

Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Լևոնի Սարգսյանը ձերբակալվել էին։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկվել էր դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք էր առաջադրել նրանց՝ այսպես կոչված «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի, 226.2-րդ հոդվածով և 307.4-րդ հոդվածով՝ բռնության կոչեր, ազգային մոլեռանդություն տարածելու և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության շրջանառության կանոնները խախտելու հատկանիշներով։

Արամ Սարգսյանը կալանավորվել է, իսկ Մհեր Ավագյանը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Երեկ երեկոյան դատարանը բավարարեց Արա Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ քննիչի միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանավորումը: