կարևոր
1471 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-22 12:01

IDEX ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսում Հայաստանը ներկայանում է միայն բուկլետներով

Հայաստանն Աբու-Դաբիում փետրվարի 21-25-ը միասնական տաղավարով մասնակցում է «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին: Սա աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսն է ռազմական արդյունաբերության և տեխնոլոգիաների բնագավառում, որտեղ ներկայանում են աշխարհի առաջատար կորպորացիաներն ու երկրները։ 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը կազմակերպել է Հայաստանի մասնակցությունն էքսպոյին, չի կարողացել հաշվարկել և կազմակերպել ցուցահանդեսային նմուշների նյութատեխնիկական ապահովումը։ էքսպոյին տաղավար վարձելը հսկայական ծախսեր է ենթադրում․ IDEX 2021-ի կայքից տեղեկանում ենք, որ էքսպոյին մասնակցելու վճարի չափը պայմանավորվում է վարձակալած տաղավարի տեսակով, մակերեսով և կազմակերպությունների թվով․ դատելով նկարից՝ Հայաստանի վարձակալած տաղավարը բացօթյա չէ, ավելի քան 30մ/ք տարածք է զբաղեցնում, իսկ նախարարության կայքը տեղեկացնում է, որ ցուցահանդեսին Հայաստանից մասնակցում է 14 ընկերություն։ Մոտավոր հաշվարկով ստացվում է պետական բյուջեից ծախսել է մոտ 25 մլն դրամ՝ առանց տրանսպորտային ծախսերի։ Նույն ցուցահանդեսի ժամանակ մեկ այլ տաղավարում Ադրբեջանը ներկայացել է իր ռազմական արսենալով։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում 800-1000 բնակիչ ունեցող 4 գյուղի տարեկան բյուջեն միասին կազմում է մոտ 200 հազար ԱՄՆ դոլար։ Հենց այսքան գումար է վճարել ՀՀ տգետների կառավարությունը, որ փետրվարի 21-ին Աբու Դաբիում բացված աշխարհի խոշորագույն ռազմական IDEX ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնի իր ռազմաարդյունաբերությունը (այս գումարը ներառում է միայն բուն տաղավարի վարձակալությունը, այլ ոչ թե բոլոր մնացած ծախսերը)։

Սակայն, ցավոք, այդ փողը ծախսվել է անիմաստ։

Իմ գերհավաստի աղբյուրները պնդում են, որ Հայաստանի տաղավարը դատարկ է եղել, քանի որ հայկական արտադրանքը չեն հասցրել ժամանակին բերել ցուցահանդեսին։ Դրա փոխարեն տաղավարում դրված է եղել միայն մի քանի բուկլետ (!), իսկ էկրանին ցուցադրվել է մի քանի հոլովակ։ Այլ բառերով՝ հայաստանյան տաղավարին նույնիսկ մոտենալու իմաստ չի եղել։

Այս լուրն այդքան ցավալի չէր լինի, եթե չլիներ հետևյալ հանգամանքը։ Էմիրություններում անցկացվող IDEX միջազգային ցուցահանդեսը ռազմական, անվտանգային ու պաշտպանական ոլորտների աշխարհի գլխավոր հարթակներից է, որտեղ կնքվում են ոչ միայն ռազմարդյունաբերությանը վերաբերող միլիարդավոր դոլարներ արժեցող պայմանագրեր, այլև լուծվում են քաղաքական լրջագույն հարցեր։

Հայաստանը, որը պետք է կապիտուլյացիայից հետո այժմ գերլարված աշխատեր սեփական անվտանգությունն ապահովելու համար նոր ուղիներ փնտրելով, ցավոք, կորցնում է հերթական հնարավորությունը՝ ծախսելով դրա վրա ՀՀ բյուջեի սուղ միջոցները։ Եվ հետն էլ դա անում է մի տարածաշրջանում, որտեղ մենք ամենամեծ շանսերն ունենք ներդրումներ ներգրավելու ռազմարդյունաբերության մեջ»։