Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրառում է կատարել, ներկայացնելով իր և Արա Սաղաթելյանի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածող մի շարք ֆեյսբուքյան օգտատերերի գրառումներ.
«Սկզբում որոշեցի լուրջ չվերաբերվել այս հիմարությանը, բայց արդեն չափերն անցնում են:
Փաշինյանական «Հեղափոխության պահապաններ» խմբակից ոմն Վահե Խանդիլյան և իշխանական ֆեյքերը զրպարտոթյուն ու քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում ինչպես իմ, այնպես էլ Արա Սաղաթելյանի հասցեին: Եվ սա անհետևանք չի մնալու։
Առաջիկա օրերին ֆեյսբուքյան այս գրառումների կապակցությամբ սուտ մատնություն կատարելու փաստի հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն»։
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ի երեկոյան իր աշխատավայրից ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման էր ենթարկվել Անժելա Էլիբեգովան: Ազգային Անվտանգության ծառայության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել Անժելա Էլիբեկովայի, իրավաբան Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, քաղաքագետ Քառյակ Մեդիայի համահիմնադիր Կարեն Բեքարյանի տանը։ Ավելի ուշ Գոհար Մելյոյանն ու Անժելա Էլիբեկովան ազատ են արձակվել, սակայն բռնագրավվել են նրանց անձնական աշխատանքային իրերը՝ հեռախոս, համակարգիչ։