Նարեկ Մալյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքի քննության նիստը հետաձգվեց վաղն առավոտյան ժամը 11:00: Դատարանը կարիք ուներ ուսումնասիրելու քննիչի կողմից ներկայացված նյութերը: Մենք չառարկեցինք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նարեկ Մալյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 կետի առաջին հոդվածի մասով: Աթանեսյանը նշեց, որ ձերբակալությունն ապօրինի է և ըստ իրեն՝ ձերբակալման միակ պատճառը, որ կարող է լինել Նարեկ Մալյանի կողմից բեմադրված ֆուտուրիստական ներկայացումը խաթարելն էր:
Երեկ երեկոյան Նարեկ Մալյանին ոստիկանությունից ծանուցագիր են ուղարկել, որ այսօր ներկայանա ոստիկանություն և բացատրություն տա այսօր Ազատության հրապարակում կայանալիք փերֆորմանս-ներկայացման մասին:
Անդրադառնալով երեկվանից սկիզբ առած՝ ընդդիմադիր քաղաքական ու հասարակական գործիչների ձերբակալություններին՝ Աթանեսյանը նշեց. «Նրանք դողում են իրենց աթոռի համար և գիտեն, որ առանց այդ աթոռի, առանց ոստիկանական պատնեշների ու քրեական գործերի չեն կարող: Իրենք ամեն ինչ արեցին, որ այդ կյանքը չունենան և չեն ունենալու»,- ասաց նա և հավելեց՝ սա իշխանությունը կորցնելու վախ է:
Հիշեցնենք, որ այսօր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեսանյութ տարածեց, թե ինչպես էին քաղաքացիական հագուստով ոստիկանները հանրահավաքից առաջ ուժով բերման ենթարկում ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին: