կարևոր
1915 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-20 17:58

Փաշինյանն ուզում է, որ մոռանանք վիրավոր Արցախը, ուզում է ձեզ հերթական անգամ խաբել․ Արփինե Հովհաննիսյան

Փաշինյանն ուզում է, որ մոռանանք վիրավոր Արցախը, ուզում է ձեզ հերթական անգամ խաբել․ Արփինե Հովհաննիսյան

Դուք, մենք, ես չենք մոռացել, թե այս դավաճանն ինչ է արել մեր երեխաների հետ, բայց այ ինքը մոռացել է։ Այս մասին փետրվարի 20-ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում ասաց Հայրենիքի փրկության շարժման  խորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանը։

«Կառավարության նիստում գերագույն գլխավոր դավաճանը, հոգին խեղված ստահակը, հազարավոր զոհերի ու վիրավորների պատասխանատուն ու մեղավորը հումոր արեց, ժպտաց, կատակեց ու հետո անցավ մյուս հարցի քննարկմանը, կարծես ոչինչ էլ չի պատահել։ Պատերազմից 100 օր անց նա վերագտավ հումոր անելու կարողությունը։ Նա ծաղրում է մեզ՝ ասելով՝ ես մոռացել եմ, թե ինչ է եղել, իսկ դուք ինչո՞ւ չեք մոռանում։ Դրա ապացույցն այն է, որ արդեն երեկ Կարեն Բեքարյանին ու Արա Սաղաթելյանին ապօրինաբար ձերբակալեց,- նշեց նա՝ հավելելով․«Գերագույն գլխավոր դավաճանն ուզում է, որ անհետ կորածների ծնողները մոռանան, որ իրենց երեխաներին հողին չեն հանձնել։ Արդյո՞ք հնարավոր է սա մոռանալ։ Նա ուզում է, որ մենք մոռանանք, որ պատերազմի ավարտից հետո ինքն իր անտարբերությամբ սպանել է մեր վեց զինվորներին, որոնք, անտառներում մաքառելով, կյանքի ու մահվան պայքար տալով, կենդանի էին մնացել։ Իսկ նա բացարձակապես ոչինչ չարեց այդ տղաներին փրկելու համար։ Նա ուզում է, որ մենք մոռանանք մեր գերեվարված եղբայրներին, որ մենք մոռանանք, թե ինչպես պատերազմի ավարտից հետո տասնյակ գերիներ ունեցանք։ Կին գերիներ ունենք, որ դժոխք են ապրում ադրբեջանական բանտերում, որոնց ընտանիքներում շարունակական սուգ է»։

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ Փաշինյանն ուզում է, որ մարդիկ հավատան, թե, Արցախը տալով, մարդկանց պրոբլեմներն ավարտվել են, թե հայերն այլևս խնդիր չունեն։

«Իսկ իրականում անզորության, անտերության, անպաշտպանության զգացումը մտել է բոլորիս հոգիները։ Այսօր այս երկրում ամենապաշտպանվածը այդ դավաճանն ու նրա՝ ձեռքերն արյունոտ ոհմակն են։ Միայն նրան են պաշտպանում։ Նա ուզում է, որ մենք մոռանանք վիրավոր Արցախը։ Նա ուզում է ձեզ հերթական անգամ խաբել։ Նա ուզում է, որ աշխարհով մեկ սփռված հայերն ապրեն՝ հոգիները ճնշված, թասիբները վիրավոր։ Նա ուզում է ասել, որ բոլորս իր պես անթասիբ ենք ապրում»,- նշեց նա։

Սակայն, ըստ Հովհաննիսյանի, հայ ժողովուրդը պետք է ցույց տա, որ չի մոռանալու, ապրելու է՝ հիշելով, որ իր սուգը չի ավարտվել, քանի դեռ դավաճանը կա։

«Եվ ուրեմն՝  մենք պետք է շարժվենք դեպի լույս՝ հանուն արժանապատվության, հանուն պետության, հանուն ընկած ու ապրող հերոսների, հանուն Հայաստանի պատիվը բարձր պահած հայերի, հանուն այն Հայաստանի, որ վաղն է գալու․ առանց Նիկոլ Հայաստան»,- խոսքը եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը։