Փետրվարի 20-ը հայտարարում ենք մեր շարժման նոր սկիզբ և նոր էջ ենք բացում հայ ժողովրդի պատմության մեջ։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով շարժման գործողությունների պլանը։
«Միասին պայմանավորվել ենք, որ համաժողովրդական պահանջը այս իշխանությունների հեռացման պետք է դարձնենք համաժողովրդական պայքար և այսօրվանից սկսած Նիկոլը և Նիկոլի իշխանությունն օր ու արև չպետք է ունենան Հայաստանում։ Մենք այսօրվանից սկսում ենք բողոքի զանգվածային պայքար»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հիմա բաժանվում են չորս ուղղությունների և չորս ուղղություններով կշարունակեն անհնազանդության ակցիաները՝ այս իշխանություններին ցույց տալու իրենց հեռացման պահանջը։
«Քանի Նիկոլը կա, մեր երկրում կայունություն, խաղաղություն և հանգստություն չի լինելու։ Սա մեկ գործողության ակցիա չէ, համառ, ծրագրված, հետևողական գործողությունների արդյունքում հասնելու ենք այս իշխանությունների հեռացմանը»,–ասաց նա։