կարևոր
489 դիտում, 4 ամիս առաջ - 2021-02-20 13:21

Որևէ փաստական տվյալ լինել չի կարող, քանի որ կասկածանքն աբսուրդ է. փաստաբանը վիճարկում է ԱԱԾ-ի գործողությունները

Որևէ փաստական տվյալ լինել չի կարող, քանի որ կասկածանքն աբսուրդ է. փաստաբանը վիճարկում է ԱԱԾ-ի գործողությունները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ երեկոյան ԱԱԾ ծառայողները խուզարկություն են իրականացրել վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահնանադրագետ Գոհար Մելոյանի և քաղաքացի Մհեր Ավագյանի բնակարանները, աշխատասենյակները, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը և Մհեր Ավագյանը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի, 226.2-րդ հոդվածով և 307.4-րդ հոդվածով՝ բռնության կոչեր, ազգային մոլեռանդություն տարածելու և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության շրջանառության կանոնները խախտելու կասկածանքով։ 

Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը նպատակ է հետապնդում մինչև ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը կալանավորման միջնորդություն ներկայացնել՝ համատեղ քննելու համար, որ նրանց անազատության մեջ պահելու հավանականությունը մեծանա։ Փաստաբանը տեղեկացրեց, որ որևէ փաստական տվյալ լինել չի կարող, քանի որ կասկածանքն աբսուրդ է։ Փաստաբանը հետաքրքրական համարեց այն հանգամանքը, որ Արա Սաղաթելյանի և մյուսների՝ արգելանքի տակ գտնվելու ժամանակ էլ «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ կողմից գրառումներ են արվել, ինչը վկայում է, որ նրանք որևէ առնչություն չունեն այդ օգտատիրոջ հետ։ Ավելին՝ փաստաբանը հիշեցրեց, որ ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածման կանոնները սահմանվում են կառավարության որոշմամբ, ինչի սահմանադրականության հարցն այժմ վիճարկվում է ՍԴ-ում, ուստի՝ այն կասեցված է և ստացվում է, որ բլանկետային նորմը, որի վրա հղում է կատարվում, կասեցված է։

Ձերբակալման որոշման դեմ բողոքում պաշտպանը վիճարկել է և՛ առնչություն չունենալու, և՛ հիմքերի մասով, մասնավորապես, ձերբակալման արձանագրության մեջ նշված է, որ ձերբակալվել է հանցանք կատարելուց անմիջապես հետո, բայց կասկածանքի էությունը կազմող գործողություններում նշված է, որ հոկտեմբերի 10-ից հետո կատարվել են հրապարակումներ, մինչդեռ՝ նշված չէ, թե որն է եղել վերջին հրապարակումը և ենթադրվում է, որ միակ ժամկետը հոկտեմբերի 10-ն է, ինչից հետո չորս ամսից ավել ժամանակ է անցել։ Վարույթն իրականացնող մարմինը ձերբակալման որոշման մեջ նշել է փախուստի կանխման հանգամանքը, մինչդեռ ենթադրյալ արարքը կատարելուց անցել է չորս ամիս և Արա Սաղաթելյանը որևէ տեղ չի փախել, ուստի, փաստաբանի դիտարկմամբ, փախուստը կանխելը ևս իրավաչափ համարվել չի կարող։ Բացի դա՝ նշված էր, որ իրերում հայտնաբերվել են ուղղակիորեն հանցանքի կատարման մասին վկայող տեղեկություններ, բայց նշված չէր, թե ինչ տեղեկությունների մասին է խոսքը։ 

Փաստաբանի փոխանցմամբ՝ Արա Սաղաթելյանը հերքել է իր առնչությունը օգտատիրոջ, կասկածանքի էությունը կազմող տեղեկությունների հետ, հրաժարվել է ցուցմունք տալուց, բայց այդտեղ ցուցմունք տալու բան էլ չկար, որովհետև որևէ տեղեկություն չուներ։ Ենոքյանը նշեց, որ անգամ ձերբակալման արձանագրությունից պարզ չէ, թե ինչ փաստական տվյալների վրա է այդպես համարվում, քննիչի որոշման հիման վրա խուզարկություններ է կատարվում։

«Նման անհասկանալի բաներ են կատարվում, միայն դատարանի վրա կարող ենք ապավինել։ Այս գործելաոճը դարձել է պրակտիկա»,- նշեց պաշտպանը։

Անդրադառնալով քննիչի որոշման հիման վրա կատարվող խուզարկությանը՝ պաշտպանը նշեց, որ պետք է քննիչի որոշման անթույլատրելիությունը հաստատվի, ապա վիճարկվի ձեռքբերված ապացույցների թույլատրելիությունը։

Հավելենք, որ այսօր արդեն ԱԱԾ նոր հաղորդագրություն է հրապարակել, որով «հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանելու հասարակական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների ու պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին և հորդորում է ռազմական դրության պայմաններում համացանցի տարբեր սոցիալական կայքերում դրսևորել հանդուրժողականություն և միմյանց նկատմամբ զսպվածություն»: