կարևոր
8820 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-20 12:00

1988-ի փետրվարի 20. Արցախյան շարժում. Վերածնունդ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

1988-ի փետրվարի 20. Արցախյան շարժում. Վերածնունդ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Այս տարի լրանում է Արցախյան շարժման 33-ամյակը. 1988-ի սկզբներին Արցախում, այնուհետև Երևանում սկսված զանգվածային ցույցերը կոչ էին անում Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը վերամիավորել Խորհրդային Հայաստանի հետ։ Ժողովրդական այս շարժումն աշխարհի ուշադրության կենտրոնում էր, այն հայության զարթոնքի ու փոխակերպման պատճառ դարձավ։

1988-ի փետրվարի 20-ին Ստեփանակերտում Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։ 

Մարզխորհրդի արտահերթ նիստը շարունակվեց մի ամբողջ օր: Այդ ընթացքում հազարավոր մարդիկ փողոցում, ձյան տակ սպասում էին նրա որոշմանը: Արդեն ուշ գիշեր էր, երբ ժողովրդական պատգամավորներն ընդունեցին պատմական որոշումը: Նրանք դուրս եկան սրահից` միանալով հանրահավաքի հազարավոր մասնակիցների, ովքեր ցնծությամբ ողջունում էին սեփական անկախության և ազատության առաջին րոպեներն ու ժամերը:

Ավելի ուշ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վաչագան Գրիգորյանն ընթերցեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ Խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի որոշումը: 

ԼՂԻՄ ժողովրդական դեպուտատների մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը 110 դեմ և 17 կողմ ձայներով հետևյալ որոշումն է ընդունում․ «․․․ խնդրել Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին․․․ լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը»։ 

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ-ին փոխանցման վերաբերյալ։

ՈՐՈՇՈՒՄ․

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ-ին փոխանցման վերաբերյալ։

«Լսելով և քննարկելով ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ-ի խորհրդի դեպուտատների ելույթները՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ կազմից Հայկական ՍՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ՍՍՀ և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետների առջև միջնորդության մասին, ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը ՈՐՈՇՈՒՄ Է.

Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին՝ խորին ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ՍՍՀՄ Գերագույն սովետի առջև՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը դրական լուծելու համար»:

Նույն օրը հանրահավաքների ալիքը ծածկում է Երևանն ու Ղարաբաղը։ Հենց այդ օրը Երևանում սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության։