կարևոր
1560 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-19 13:03

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։

Դիլիջանի և Նոյեմբերյանի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։

Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Սեմյոնովկա գյուղում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում և Ֆանտան գյուղում, Արագածոտնի տարածաշրջանի Ապարան քաղաքում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա: