Այսօր՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը։
Տոնը Հայաստանում նախաձեռնվեց 2008 թվականից՝ Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի առաջարկով: Նպատակն է ընթերցանության և գրքի նկատմամբ սերը ժառանգել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին:
Տոնի շրջանակում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:
Այս օրը հիշեցնում է բոլորիս, որ պետք է ևս մեկ անգամ արժևորենք գրքերի դերը՝ թեկուզև ոչ հաճախ, բայց տարվա մեջ գեթ մեկ օր մեր հարազատներին ու ընկերներին գիրք նվիրելով։