«Փետրվարի 18-ին Երևանն այլևս զարդարված էր եռագույն դրոշներով: Հուզիչ էր ու ցնցիչ այն վայրկյանը, երբ ժողովրդական ցասման տակ խորտակվեցին բոլշևիկյան արյունոտ բանտի ու Չեկայի դռները և հազարավոր բանտարկյալներ դուրս եկան եռագույն դրոշներով պճնված փողոցը, ուր նրանց ողջունեց «Մեր հայրենիքը»: Ավաղ, նրանց մեջ չկային Համազասպը, Բանվոր Սերգոն, հերոս գնդապետ Ղորղանյանը և ուրիշներ, որոնք մահացել էին բոլշևիկյան կացինների տակ»:
Սիմոն Վրացյան
1921 թ. փետրվարի 18-ին՝ 100 տարի առաջ այս օրը, Հայաստանում սկսվեց հակախորհրդային ժողովրդական շարժումը՝ Փետրվարյան ապստամբությունը։ Մեկնարկելով Բաշ-Գառնիից, Թալինից եւ Վայոց Ձորից՝ ապստամբությունը շուտով տարածվում է նաեւ Հայաստանի այլ շրջաններում։
Ապստամբությունը համաժողովրդական դժգոհության արդյունքներ էր և սկսվել է տարերայնորեն ու միայն որոշ փուլում է այն դարձել կազմակերպված ու ղեկավարվող շարժում, զինված կռիվ: Ազգային զուտ ֆիզիկական գոյության և ազգային արժանապատվության հարց էր՝ ապստամբե՞լ, թէ՞ չապստամբել։
Հեղկոմի համար անընդունելի էր նաև Դրոյի ներկայությունը Երևանում: Մեծ էր նրա ունեցած ազդեցությունը ժողովրդի և ընդհանուր հանրային կարծիքի վրա: Բոլշևիկները «Գայլեր գառան մորթիներում» խորագրով հոդվածում պահանջում էին կարմիր բանակի շարքերից հեռացնել Դրոյին և Սիլիկյանին: Կուսակցության որոշմամբ ու իր համաձայնությամբ քաղաքացիական կռիվների առիթ չտալու համար Դրոն աքսորի ճամփան բռնեց և 1921 թ. հունվարի 10-ին դուրս եկավ Երևանից: Դրոյի հեռանալուց հետո Չեկան ավելի սանձարձակ սկսեց գործել: Դրան նպաստեց նաև 11-րդ բանակի Հատուկ բաժնի ներկայացուցիչ Գևորգ Աթարբեկյանի ժամանումը Հայաստան` 1921 թ. հունվարի 12-ին: Նա պահանջում էր Համառուսաստանյան Չեկայի հրահանգների համաձայն` առանց որևէ քննության և արագ կերպով ձերբակալել անխտիր բոլոր սպաներին: 1921 թ. հունվարի 20-ին կատարվեց նախկին սպաների նոր ցուցակագրություն, և ձմռան ցրտին նրանց բոլորին ոտքով, Սեմյոնովկայի լեռնանցքով հասցրին Աղստաֆա, այստեղից գնացքով Բաքու, ապա Ռյազան: Նրանց մեջ էին գեներալներ Թ. Նազարբեկյանը, Դ. Փիրումյանը, Մ. Սիլիկյանը, Ա. Հովսեփյանցը և ուրիշներ: Գնդապետ Պողոս ԲեկՓիրումյանցը, չտանելով ահավոր նվաստացումը (վաստակած ուսադիրներ պոկել էին ու ծաղրում էին), Երևանում ինքնասպան եղավ (հունվարի 19-ին): Հայկական բանակի սպայական անձմի աքսնակազորից հետո բոլշևիկների բռնություններն ավելի սաստկացան: Եվ ահա, փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցան մասսայական ձերբակալություններ:
1921 թվականի փետրվարի 1-10 ձևավորվում է Հայրենիքի Փրկության Կոմիտեն ինը գործիչներից Սիմոն Վրացյանի գլխավորությամբ, անդամներն էին՝ Ա. Հովհաննիսյանը, Կ. Սասանին, Հ. Տերտերյանը, Հ. Տեր-Հակոբյանը, Ս. Եղիազարյանը, Հ․Սարգսյանը, Եփր. Սարգսյանը, Ս. Թարխանյանը (Կուռո)։
Փետրվարի 13-ին այն հայտարարեց քաղաքացիական ապստամբություն, որի ազդանշանը տվեցին Արագածի ստորոտում վերաբնակված սասունցիները։ Ժողովրդական ապստամբությունը և քաղաքացիական կռիվներն սկսվեցին տարերայնորեն և ընդգրկեցին մի քանի շրջաններ։ Փետրվարի 16-18-ը ապստամբները նախկին խմբապետերի գլխավորությամբ իշխանությունը վերցրին իրենց ձեռքը։ Փետրվարի 18-ին Կուռո Թարխանյանի և Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ ապստամբները մտան Երևան։
Բոլշևիկյան կուսակցության ղեկավար մարմինները մի քանի ջոկատներով և 2 զրահագնացքով լքեցին Երևանը և կենտրոնացան Ղամարլու (Արտաշատ) - Վեդի-Բասար (Արարատ) շրջանում, որտեղ ապստամբները շրջապատեցին նրանց։ Խորհրդային իշխանությունը պահպանվեց Հայաստանի հյուսիսում՝ Համամլու (Սպիտակ) - Ղարաքիլիսա (Վանաձոր) - Դիլիջան - Շամշադին (Տավուշ) գոտում։
Վրացյանն առանձնացնում է բոլշևիկյան իշխանությունների գործադրած բռնությունների ու ձերբակալությունների քաղաքականությունը ժողովրդական ըմբոստության հասունացման գործում: Բռնությունների հիմնական ալիքն ուղղված էր Դաշնակցության դեմ: Պատահական չէր, որ Ս. Վրացյանը հիշատակում է բոլշևիկների գործողությունների «Ֆիզիկական մահ Դաշնակցության» կարգախոսը:
Հայ կոմունիստները Ռուսաստանի հրահրմամբ բառացիորեն ոչնչացրին հայ զինվորականությանը: Վրացյանն անդրադառնում է այդ «անարդարություններին»: Հայկական բանակի գլխատման հիմնական մեղսակիցներ է համարում Հայհեղկոմի անդամներ Գ. Աթարբեգյանին և Ավիսին (Նուրիջանյան):
Անդրադառնալով Ադրբեջանի հետ ունեցած խնդիրներին` Վրացյանը գրում է. «Հայ կոմունիստները նույն անկարողությունը ցույց տվին և մյուս հարևանների նկատմամբ: Հայ-ազրբեջանյան սահմանային վեճը չլուծվեց, չնայած, որ Ազրբեջանի հեղկոմը դեռ մայիսին հայտարարել էր, թե ինքը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղից հոգուտ Խ. Հայաստանի: Ազրբեջանցիք հետագային հայտնեցին, որ իրենց այդ հայտարարությունը եղել է լոկ խաղ «Դաշնակ»-ների դեմ ու որ իրենք ամենևին նպատակ չունեին Ղարաբաղից ձեռք քաշելու»:
Ամփոփելով փետրվարյան ապստամբության պատճառները՝ Վրացյանը հիմնականում այն համարում է բոլշևիկյան իշխանությունների ներքին «հանցավոր» քաղաքականության արդյունք: «Հեղափոխության քաղաքական պատճառ չկար, և շարժումը տեղի չէր ունենա, եթե բոլշևիկներն իրենք պրովոկացիայի չենթարկեին ժողովրդին»,– գրում է Վրացյանը:
1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Բոլշևիկյան Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև կնքվում է բարեկամության և եղբայրության պայմանագիր։ Մարտի 20-ին ռուսական բանակի ռազմական խորհրդի անդամ Գեորգի Օրջոնիկիձեն վերջնագիր է ներկայացնում Հայաստանի ապստամբած ժողովրդին և նրա ղեկավարությանը։ Վերջնագիրը Թիֆլիսից Երևան է բերում բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Սակայն Թումանյանին չի հաջողվում համոզել Վրացյանին և վերջնագիրը մնում է անպատասխան։
Խորհրդային զորքերը ապստամբության սկզբից 42 օր անց՝ ապրիլի 2-ին, մտան Երևան, որտեղ վերահաստատվեց խորհրդային իշխանությունը։ Հաշվի առնելով ուժերի խիստ անհավասարությունը և խուսափելով նոր զոհերից, ապստամբները Բաշ-Գյառնիի վրայով նահանջեցին Զանգեզուր, որտեղ շարունակվում էին Գարեգին Նժդեհի ղեկավարած ինքնապաշտպանական մարտերը։
1921 թվականի Փետրվարյան ապստամբությունը Խորհրդային Միության տարածքում առաջին ապստամբություն էր իշխանության դեմ, որն ավարտվեց թեկուզ ժամանակավոր, բայց հաղթանակով։ Ավելի քան քառասուն օր շարունակ Հայաստանը անկախ էր։ Իսկ հետո այդ անկախությունը շարունակվեց Լեռնահայաստանում, որի ազատությունը վերջնականապես ճնշվեց խորհրդային Ռուսաստանի կարմիր զորքերի կողմից 1921 թվականի հուլիսի 15–ին։ Գարեգին Նժդեհի պայքարի, ինչպես նաև ապստամբության ազդեցության շնորհիվ Զանգեզուրը չտրվեց Ադրբեջանին, այլ մնաց Հայաստանի կազմում։