Հրաժարական է տվել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Այդ առիթով հրավիրված ճեպազրույցի ժամանակ նա ասել է՝ ուզում է հավատալ, որ այդ քայլը կօգնի նվազեցնել բեւեռացումը երկրի քաղաքականության մեջ, իսկ ինքը համոզված է՝ բեւեռացումն ու առճակատումը ամենամեծ ռիսկն են Վրաստանի տնտեսական զարգացման ապագայի ու բոլոր տեսակի ճգնաժամերի հաղթահարման ճանապարհին:
Հրաժարականի պատճառը տարաձայնություններն են իր թիմում` կապված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկի Մելիայի կալանքի մասին դատարանի որոշումը կատարելու հետ:
Հինգշաբթի ոստիկանության աշխատակիցները չկարողացան մուտք գործել Թբիլիսիում ընդդիմադիր կուսակցության գրասենյակ, որտեղ գտնվում է Մելիան ու ում նկատմամբ դատարանը որոշել է կալանք կիրառել: Գախարիայի խոսքով՝ Մելիան երբեք էլ չի հարգել Վրաստանի օրենսդրությունը ու ինքն է անցած տարի հունիսի 20-ին կոչ արել մարդկանց գրոհել խորհրդարանի շենքի վրա:
Գախարիան Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի սեպտեմբերի 9-ից։