կարևոր
549 դիտում, 2 ամիս առաջ --> 2021-02-18 10:00

Փաշինյանական էժանագին թատրոնը Հայաստանի ճամփեքին. «Անկեղծ ասած» Գեղամ Մանուկյանի հետ

Այսօր երեւանյան բեմերում կարելի էր դիտել հետեւյալ ներկայացումները՝ Բոհեմ թատրոնում՝ «Վայ Գրիգ Գրիգ» կատակերգություն մոնոներկայացումը, Երեւանի Պետական Կամերային Թատրոնում՝ «Հայն ու հայը», իսկ   Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում նոր բեմ ելած «Կապի՛ր ինձ մահճակալին»: Տոմսերի արժեքները տարբեր են ու տատանվում են 1000 դրամից մինչեւ 5000-ը: Բայց այսօր մեկ այլ ներկայացման պրեմիերա էր: Ընդ որում ոչ թե մեկ, այլ մի քանի բեմերում, դերասաններն էլ փորձառու չէին. հանդես էին գալիս ժողովրդի դերում: Գլխավոր դերակատարի մասին առանձին կխոսեմ: Ներկայացման անունն ամեն մեկը տարբեր է դրել՝ «Ժողովրդի վարչապետն ու թավիշը վերացնել պահանջող գիտակից քաղաքացին», «Նոր Իլյիչը, մուժիկն ու մի զույգ կոշիկը», «Հայրենզրկման ողբերգությունը Հայաստանում»: Հա, գլխավոր դերակատարն էլ Նիկոլ Փաշինյանն էր:

Պատերազմում խայտառակ պարտությունից, գաղտագողի հայրենազրկման փաստաթղթեր ստորագրելուց հետո Երեւանում բոլոր փողոցները փակելուց, տասնյակ ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ, անվտանգության հարյուրավոր աշխատակիցների հսկողությամբ երթեւեկող Փաշինյանը մեկ էլ հանկարծ այսօր ամեն քայլափոխի կանգում էր Գյումրի-Երեւան մայրուղու տարբեր հատվածներում, որտեղ ըստ ներկայացման սցենարի ինքնաբուխ հավաքվել էին գյուղացիները: Օգնականները, մամլո քարտուղարը սոցցանցերում արագ տեղեկացնում էին, որ ճանապարհները գյուղացիները փակել էին, Փաշինյանն էլ հանդիպում էր նրանց հետ: Տեսանյութը շատերը կտեսնեն իշխանական հեռուստակայաններով: Մաստարա, Աշնակ, Ներքին Բազմաբերդ, Ուջան: Բացի առաջինից, բոլորն էլ Էրգիր կորցրած, սասունցիների ժառանգների վրա ձեւավորված բնակավայրերի բնակիչներ: Սոցիալական բազում հարցերի տակ կքած, հազար ու մի տեսակ հարց ունեցող, աշխատանք չունեցող համայնքների հավաքված խումբ-խումբ մարդիկ: Թվում է, թե պետք է հազար ու մի տեսակ հարց բարձրացնեին: Թվում էր, թե Էրգրի մասին ողջ կյանքը երգեր երգող սասունցիները պետք է խոսեին պատերազմից, Շուշիի ու Հադրութի, Արցախի մեծ մասի կորստից, պատասխան պահանջեին հազարավոր զոհերի համար, պատասխան պահանջեին պարտության համար, պատասխան պահանջեին գաղտնի կնքված պայմանագրերի համար, անհանգստանային Արցախի ապագայով, որի ազատագրության համար զոհվել են նաև իրենց շատ համագյուղացիներ: Բայց դա կլիներ բնական սցենարը, բնական կյանքում այդպես կլիներ:

Այսօրվա Փաշինյանի ճամփորդության եւ ժողովրդի հետ հանդիպումների սցենարիստները կառավարությունում ու մարզպետարանում պարզվում է հայկական անորակ սերիալների ռեժիսորներից ավելի անտաղանդ էին, սցենարական պատվերն անգամ շատ էժանագին էին կատարել: Ու ամեն հանդիպմանը նույն կրկնվող ձեւակերպումն էր՝ «վերջ տվեք թավիշին»: Բռնել, կախել, բանտարկել բոլորին: Երեք տարի առաջ էլ հեծանվով գործի գնացող, առանց ֆեյսբուքյան ուղիղ եթերների երեւանյան փողոցներում չշրջող Փաշինյանն էլ, իր դերի մեջ մտած, լուրջ սկսում էր մտածել, քննարկել, խոստումներ տալ:

Ցավ էր ինձ՝ մաստարեցու արմատներ ունեցողիս համար մի պահ դիտելը, թե ինչպես են հայրական, պապենական գյուղի մուտքին դիմում Փաշինյանին, թե հարցեր ունենք, բայց դրանք կարեւոր չեն, հիմա կարեւորը՝ «թավիշին վերջ տվեք»: Կարծես, եթե վաղն իշխանությունը հազարավորներին բանտ նստեցնի, ապա Մաստարվա Փոշկոնդա սարը ծաղկելու է, գյուղամիջում տասնյակներով անգործ մարդիկ էլ ստիպված չեն հավաքվելու, այլ աշխատանք են ունենալու, խոպան պարտադրված չեն գնալու, հիմա դրա հնարավորությունն անգամ չունեն, այլ գործարաններն են աշխատելու: Մաստարեցիներ ջան: Դա՞ է ձեր դարդն ու ցավը, մի քանի օր առաջ ձեր ջահելներին հողին հանձնածներ: Մեկդ չկա՞ր, որ դրա մասին հարցներ Փաշինյանին: Թե՞ այլ բան էին ասել մարզպետարանից:

Այսօրվա ներկայացումով իշխանությունն ապահովում էր համաժողովրդական աջակցության իմիտացիան, թատրոնը: Գոնե Հյուսիսային Կորեայից մի մասնագետ բերեին, գոնե մեկ այլ բռնատիրական երկրից մի քիչ էժան գնով սցենարիստ բերեին: Թե չէ, մեր երկրում բոլոր գործերը տապալած կառավարությունում դժվար էր այս ներկայացումը բեմադրելու մասնագետ գտնելը:

Բայց արդեն թավիշը վերացնելու «ժողովրդի» պահանջը դեռ նոր հնչած, տեղ հասավ. իշխանությունը, ստիպված, ենթարկվելով Հայաստանի միակ տեր, միակ իշխանավոր ժողովրդի հուժկու պահանջին, որոշեց թավիշը վերացնելու մեկ քայլ էլ անել: Դե ժողովուրդն է պահանջել: Դա հո 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն համաձայնագիրը չէր, որ ժողովրդի կարծիքը հարցնեին, եւ ոչ թե գաղտագողի ստորագրեին: Դա հո Սյունիքի անվտանգությունը խարխլած փաստաթուղթը չէր, որ ժողովրդի կողմից ստորագրվեր, այլ ոչ թե գերգաղտնի միջոցներով, դա հո Շուշին տալու հարցը չէր, որ  ժողովրդին հարցնեին: Դա ամենակարեւոր բանն էր այս իշխանության համար:

Հայրենազրկումից, Արցախը հանձնելուց հետո, այլեւս հենք չունեցող իշխանական աթոռը պաշտպանելու հարցն էր: Ու շնորհավորեմ այսօր Փաշինյանից կոպիտ միջոցների գնալը պահանջողներին: Դուք հաղթում եք: Այսօր արդեն կառավարությունը շրջանառության մեջ դրեց հանրային պաշտոնյաներին, պետական պաշտոնյաներին վիրավորելու, զրպարտելու համար քրեական պատասխանատվության անհրաժեշտությունը:

Սիրելի մաստարեցիներ ջան, դուք որ տարիներ առաջ ինձ դիմավորում էիք ու հպարտանում էիք, որ ձեր գյուղի թոռ եմ, լեփ-լեցուն հավաքվում էիք գյուղի դահլիճում հանդիպման, քանի որ Ստամբուլում Էրդողանի դեմ Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով  պաստառ էի բարձրացրել, թուրքական ալիքների ուղիղ եթերում Էրդողանին հիշեցրել, որ նրա պապերը կոտորել են իմ ու ձեր նախնիներին, ու քիչ էր մնում, այնտեղ բանտարկվեի, հիմա կարող է թավիշը վերացնելու համար հենց այսօր  կառավարության ու գլխավոր դատախազության մշակած օրենքի նոր նախագծով բանտարկվեմ Հայաստանում, քանի որ եթե ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի ուղղակի խայտառակ քաղաքականության, մեր ժողովրդին պառակտելու, մեր բանակը հեղինակազրկելու, բանակի փորձառու շատ հրամանատարների հանելու, անփորձի նշանակելու, ռազմական գործողությունների վարման մեջ իր, կնոջ, զինվորական գործից չհասկացող այլ պաշտոնյաների միջամտելու, ռազմական ամենախայտառակ հանձնարարականներ տալու պատճառով զոհ տվեց հազարավոր մեր երեխաների, հայրենակիցների, կորցրեց Արցախի 70 տոկոսը,  հանձնեց Շուշին: Այս ասածներիս համար, քանի որ նա էլ իշխանության վրա է եւ իր ձեռքում է ամեն ինչ եւ այս պայմաններում դժվար կլինի ապացուցել այդ ամենը, ինձ մեղադրանք կառաջադրեն, թե զրպարտել եմ, վիրավորել, ու երկու տարի բանտարկություն: Ոչինչ, դրանից չեմ վախենում, մի քրեական գործ արդեն մի երկու ամիս առաջ հարուցել են, վարժ ենք: Բայց այս հոդվածով չէ՞ որ հազարավորներին են դատելու, տասնյակ հազարավորներին են դատելու: Քանի որ մարդիկ մտածող են, տրամաբանող, վերլուծող, հայրենիք սիրող, Արցախի կորստով ցավ ապրող, մեր ժողովրդի պարտության պատճառով հանգիստ ու դադար կորցրած:

Ի դեպ, չզարմանաք, թավիշին վերջ տալու պահանջով հանդես եկող այսօրվա թալինցիներ, որ մեկ էլ իմանաք, որ դատվողների մեջ մեծ թիվ են նաեւ ձեր ազգականները: Հո բոլորն այսօրվա փաշինյանական ներկայացման մեջ չեն ուզում էժան դերասանի դեր խաղալ: Անգամ անուններ կարող եմ տալ՝ ովքեր են գնալու բանտ: Դուք ձեր հարազատներին ինձանից ավելի լավ գիտեք: Այս օրենքի նախագծի մասին մի առիթով կխոսեմ: Դեռ նման շատ օրենքներ կբերվեն: Չէ՞ որ հայրենիքի կորստյան արդյունքում իր աթոռից վախեցողին կառավարության շենքում մնալու այլ տարբերակ չկա:

Իսկ երեւանյան թատրոններում այսօրվա ներկայացումների տոմսերի գներն, ի դեպ տարբեր էին՝ 1000-ից 5000 դրամ: Անկեղծ ասած, այսօրվա փաշինյանական թատրոնին ուշադրություն չէի դարձնի, եթե գինը շատ թանկ չիներ, անգամ ավելին՝ անգին չլիներ, այն է՝ Արցախը, Շուշին, Հադրութը, անպաշտպան Սյունիքը, վտանգված Մեղրին, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը,  մեր ժողովրդի ինքնասիրությունը, արժանապատվությունը:  Այս ամենից մեզ զրկեց այսօրվա թատրոնի գլխավոր դերասանը: