կարևոր
1916 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-17 20:49

Իշխանություններին վիրավորելու կամ զրպարտելու համար անձը կարող է ազատազրկվել

Իշխանություններին վիրավորելու կամ զրպարտելու համար անձը կարող է ազատազրկվել

Գլխավոր դախատախազությունն ու արդարադատության նախարարությունն առաջարկում են քրեականացնել իշխանության ներկայացուցիչներին վիրավորելն ու զրպարտելը:

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դատախազության հեղինակած նախագիծը, ըստ որի զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ խորհրդարանական նախորդ քառօրյային, երբ դեռ քննարկվում էր զրպարտանքի համար նախատեսված տուգանքի չափը մեծացնելու՝ Ալեն Սիմոնյանի նախագիծը,  իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ու Բարգավաճ Հայաստան խմբակցությունը լքած Գեւորգ Պետրոսյանը կողմ էին արտահայտվել զրպարտանքի քրեականացմանը: Նրանց հետ համակարծիք էր նաեւ ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանը:

Հարկ էնշել, որ մինչ 2010թ. մայիս Հայաստանի Հանրապետությունում գործում էր պատվի և արժանապատվության պաշտպանության քաղաքացիաիրավական և քրեաիրավական կարգ: 2010թ. մայիսին ընդունված օրենսդրական բարեփոխությունների արդյունքում զրպարտությունը և վիրավորանքն ապաքրեականացվեցին, և այդուհետ խնդիրը կարգավորվում է բացառապես քաղաքացիական իրավունքի շրջանակում:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2007թ. հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 1577(2007) բանաձևը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ: Շեշտելով, որ զրպարտությանն առնչվող օրենքներն այլ անձանց իրավունքների և բարի համբավի պաշտպանության իրավաչափ նպատակ են հետապնդում` Վեհաժողովը հստակ մոտեցում որդեգրեց, այն է` զրպարտության համար ազատազրկումը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվի: Այս բանաձևի ընդունումից հետո Եվրախորհրդի անդամ շուրջ մեկ տասնյակ երկրներ, այդ թվում` Հայաստանը, նախաձեռնեցին համապատասխան օրենսդրական փոփոխություններ` վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ՝ 2010թ. մայիսի 18-ի ՀՕ-98-Ն օրենքով ուժը կորցրած ճանաչվեցին ՀՀ քր. օրենսգրքի 135-րդ և 136-րդ հոդվածները, իսկ նույն օրն ընդունված ՀՕ-97-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը լրացվեց նաև1087.1-րդ հոդվածով: