Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: Սարգսյանը կարեւորել է աշխարհասփյուռ հայության հանգանակած միջոցների արդյունավետ, պատասխանատու եւ նպատակային ծախսումը, ծրագրերի իրականացման ընթացակարգերի ու ժամկետների խստագույն պահպանումը, հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, կառույցի հանդեպ վստահությունը:
Նախագահն ասել է նաեւ, որ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ է կայանալու՝ հիմնադրամի գործունեության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով:
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին հիմնադրամին նվիրաբերված միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամ, նվիրատվության ձեւով փոխանցվել էր կառավարությանը՝ ենթակառուցվածքների, սոցիալական ու առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով: 2020 թ.-ի դեկտեմբերին նախագահը դիմել էր հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ շեշտելով, որ կառավարությունը պետք է հստակ, մանրամասն ու թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ: Նախագահը հայտարարել էր, որ կառավարությանը տրված գումարը պետք է ձեւակերպվեր որպես պարտք՝ փոխառության ձեւով: