ԿԳՄՍ նախարարությունում հրավիրվել է ռեկտորների խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված էր Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի քննարկման հարցը:
Նիստին մասնակցել է Հայաստանի պետական բուհերի 13 ռեկտոր, ինչը բավարար էր քվորումի ապահովման համար: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հայ-ռուսական համալսարանի ռեկտորը, ով նիստին ներկա չէր, փոխանցել էր գրավոր առաջարկներ քննարկվող օրինագծի վերաբերյալ:
Նիստին մասնակից բոլոր ռեկտորներն օրինագծի առնչությամբ մի շարք մտահոգություններ են հայտնել, ինչպես նաև ներկայացրել գրավոր առաջարկների փաթեթներ` դրանք Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու և նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ քննարկելու նպատակով:
Ռեկտորները մտահոգիչ են համարում նախագծի անցումային դրույթներով սահմանված 2022-24 թվականներին ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման պահանջը` նշելով, որ բուհերի բյուջեներն այդ դեպքում կարող են ունենալ ֆինանսական ճեղքվածք` հաշվի առնելով, որ հավատարմագրումն ենթադրում է տևական գործընթաց և վճարումների կատարում: Բանն այն է, որ նախագծով ընդհուպ մինչև գործունեության լիցենզիայի դադարեցման խնդիր է դրվում, եթե բուհը նշված ժամկետներում հավատարմագրում չի անցնում: Բացի դրանից` օրինագծով առաջարկվող որոշ ձևակերպումներ բուհերի համար կարող են առաջացնել հարկային պարտավորությունների կատարման խնդիրներ` հավելյալ հարկային բեռի ռիսկ հարուցելով:
Ռեկտորներից շատերի կարծիքով` օրինագիծը՝ որպես ոլորտը կարգավորող հիմնարար իրավական ակտ, բավականին մեծ թվով բացառություններ է սահմանել, ինչը հակասում է ոլորտի միասնական կարգավորման տրամաբանությանը և խնդրահարույց է համընդհանուր օրինաչափության և բուհերի հանդեպ խտրական մոտեցման տեսանկյունից: Խնդիրներ կան նաև մասնագիտական տերմինների սահմանման, ընդհանրապես նախագծի լեզվական և ոճական շարադրանքի հետ կապված: Ըստ ռեկտորների խորհրդի` անհրաժեշտ է շտկումներ անել` առաջարկվող ձևակերպումները հստակեցնելու և հետագայում տարընթերցումներից խուսափելու համար:
Բարձրացվել է նաև բուհերի կառավարման մոդելի` խորհուրդների ձևավորման և ռեկտորի ընտրության հարցը, ըստ որի՝ խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվելու են լիազոր մարմնի, 4-ը` բուհի կողմից` ներառյալ ուսանողական, դասախոսական և բուհի հետ համագործակցող գործարար համայնքը: Բուհի ռեկտորը, ըստ նախագծի, ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով։ Խորհրդի որոշմամբ՝ կարող է առաջարկվել ռեկտորի մինչև երեք թեկնածու, որոնցից մեկին կնշանակի լիազոր մարմնի ղեկավարը: Կարծիքներ են հնչել, որ այդ մոտեցումը բուհական ինքնավարության ու ակադեմիական ազատության սահմանափակում է, և ըստ էության՝ նշանակում է ռեկտորի նշանակովի մոդելի ներմուծում: Այդպիսի մոդել, ի դեպ, նախկինում կիրառվել է ԵՊՀ-ում` ֆակուլտետների դեկանների ընտրության ժամանակ (երեք թեկնածուից մեկին նշանակել է ռեկտորը), սակայն հետագայում որոշվել է անցում կատարել ուղիղ ընտրության կարգին:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ռեկտորների բարձրացրած խնդիրների ու առաջարկների վերաբերյալ նշել է, որ դրանք կհամակարգվեն և կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը:
Հիշեցնենք, որ մի շարք գիտական-կրթական հաստատություններ դեմ էին արտահայտվել օրինագծին և կոչ էին արել ետ կանչել նախագիծը ԱԺ-ից. մասնավորապես Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան դեռևս դեկտեմբերին հայտարարություն է տարածել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նույն պահանջն էին ներկայացրել Երևանի պետական համալսարանի մի շարք դեկաններ ու ստորաբաժանումների ղեկավարներ, ԵՊԲՀ գիտական խորհրդի, պրոֆեսորադասախոսական և բժշկական անձնակազմի, գիտաշխատողները և ուսանողները: ինչպես նաև Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ եւ դասախոսներ բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ Բարձրագույն կրթության մասին նոր օրինագծի:
Միաժամանկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ԿԳՄՍ նախարարության մոտեցումները բացարձակ անթույլատրելի էր համարել և նշել, որ կդիտարկի դիմումի հետ միասին վիճարկվող դրույթների գործողությունը կասեցնելու միջնորդություն Սահմանադրական դատարան ներկայացնելու հարցը: