27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Սահմանամերձ բնակավայրերին սոցիալական աջակցության ծրագրում Խնձորեսկի և Քարահունջի ներգրավված չլինելը տեխնիկական վրիպակ չէ, սակայն հարցը կվերանայվի և ամենայն հավանականությամբ նրանք նույնպես կներառվեն ցանկում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:
Նա նշել է, որ գործում է սահմանից ուղիղ հեռավորության որոշակի մեթոդաբանություն․ «Հեռավորությունը չափվում է սահմանից մինչև այդ բնակավայրի վերջին բնակելի տուն։ Խնձորեսկն ու Քարահունջն ավելին էին, քան այդ տարածությունն է»,-ասել է փոխնախարարը։
Վերջինս, սակայն, նշել է, որ ահազանգերից հասկանալի է դարձել, որ այդ բնակավայրերում գյուղատնտեսական նշանակության հողատարածքները մոտ են սահմանին և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար բավականին ռիսկային է․
«Քննարկում ենք այս ցանկը ճշգրտելու տարբերակները։ Կլինեն վերանայումներ, Խնձորեսկն ու Քարահունջն ամենայն հավանականությամբ կընդգրկվեն այս ցանկում։ Օրերի ընթացքում ցանկը կճշգրտվի և փոփոխություն կկատարվի»,-նշել է Դավիթ Խաչատրյանը։
Հարցին, թե Գեղարքունիքի և Սյունիքի 39 բնակավայրերում քանի շահառու է օգտվելու ծրագրերից, փոխնախարարը նշել է, որ մինչ այս գործող 38 բնակավայրերում ապրում է 63 հազար քաղաքացի, իսկ ավելացված ցուցակում քաղաքացիների թիվը կազմում է մոտ 14 հազար և բոլորն էլ էլեկտրաէներգիայի, գազի մասով պոտենցիալ շահառուներ են և կընդրկվեն աջակցություն ստացող քաղաքացիների ցանկում:
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրին, որից դուրս էին մնացել Խնձորեսկ և Քարահունջ բնակավայրերը: