Այսօր Տրապիզոնում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի պատրաստվում առաջիկայում լքել երկրի սահմաններից դուրս գտնվող անվտանգության գոտիները, ու որքան որ պետք է, կպահպանի իր ներկայությունը բոլոր այն տարածքներում, որոնք մաքրել է ահաբեկիչներից:
Էրդողանը հստակ տեղանուններ չի նշել, բայց այս հայտարարությունը, ըստ էության, վերաբերում է առնվազն Իրաքի ու Սիրիայի հյուսիսային շրջաններին: Էրդողանն իր ելույթում նաեւ քննադատել է Արեւմուտքին՝ Թուրքիայի 13 քաղաքացիների սպանությունից հետո լուռ մնալու համար:
Իսկ ավելի վաղ Թուրքիայի նախագահը մեղադրել էր Միացյալ Նահանգներին՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցությանն» աջակցելու համար: Ավելին, այդ երկրի արտգործնախարարությունն էլ Անկարայում ԱՄՆ դեսպանին կանչել էր հարցաքննության: