կարևոր
1695 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-16 19:45

ՀՀ ԱԻՆ-ը երկրաշարժից պաշտպանության իրազեկման 2021-ի ծրագրերում ընդգրկել է ավելի քան 130 դպրոց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետները շարունակում են դպրոցականներին սովորեցնել այն հիմնական գործողությունները, որոնք պետք է անել երկրաշարժի ժամանակ: Այս տարի նախատեսված է իրազեկման և տարահանման միջոցառումներ իրականացնել ավելի քան 130 դպրոցի աշակերտների և ուսուցիների համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ըստ հաղորդագրության՝ ԱԻՆ մասնագետներն իրազեկում են ոչ միայն կրթական հաստատությունների սաներին, այլ նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին, համայնքների և վարչական շրջանների բնակիչներին, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների:

ՀՀ ԱԻՆ-ից նաև հայտնում են, որ 2019 թվականին Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության կազմակերպած դասընթացներին ավելի քան 70 հազար մարդ է մասնակցել: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ 2020-ի ծրագրերն ամբողջությամբ չեն իրականացվել, իսկ 2021 թվականի իրազեկման ժամանակացույցերը հաստատված են: