Մյանմայի զինվորականները հեղաշրջումից հետո առաջին ասուլիսն են անցկացրել ու խոստացել՝ իշխանության ղեկը երկար ժամանակ իրենց ձեռքերում չեն պահի ու նոր ընտրություններ կանցկացնեն: Հստակ օր, սակայն, չեն նշել: Ավելի վաղ Միացյալ ազգերի կազմակերպությունը նախազգուշացրել է Մյանմայի զինվորականությանը, որ ռազմական հեղաշրջման դեմ ցույցերն ուժով ճնշելու քայլերը ծանր հետեւանքներ կունենան:
Մյանմայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը զգուշացումը փոխանցել է անձամբ զինվորական խունտայի առաջնորդի տեղակալին՝ հեռախոսազրույցի միջոցով ու շեշտել, որ խաղաղ հավաքների իրավունքը պետք է լիովին հարգվի:
Ի դեպ, այսօր առավոտյան Մյանմայում վերականգնվել է ինտերնետ կապը, որը երկու գիշեր է՝ խափանված էր: Փետրվարի 1-ից ի վեր զինվորականները փորձում են պարբերաբար արգելափակել համացանցը ու խեղդել այլախոհությունը երկրում: