Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել եռակողմ հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 9-10-ին, Կառավարության շենք մուտք գործած, այնուհետև կալանավորված Սերգեյ Խառատյանի և Էդգար Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունները:
Երեկ կայացավ 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը՝ եռակողմ հայտարարությունից հետո Կառավարության շենքում զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ գործի քննությունը։
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի Սերգեյ Խառատյանը, Հայաստանի ազգային հավաքականի մարզիկ Հարություն Մերդինյանը, Հայկ Իսկանդարյանը եւ Էդգար Գրիգորյանը: Նրանցից ազատության մեջ է գտնվում միայն Մերդինյանը:
Խառատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա միացել է Կառավարության շենքի դիմաց գտնվողներն: Ըստ դատախազի՝ բռնի գործողությունների ճնշման տակ կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ահաբեկված աշխատակիցները մի կողմ են քաշվել՝ խուսափելով ակնհայտ ապօրինի գործողություններ կատարող անձանց հետ բախումից: Դրանից հետո Սերգեյ Խառատյանը եւ մյուս մասնակիցները, չունենալով Կառավարության շենք մուտք գործելու իրավունք, անտեսելով հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմը, մուտքի դուռը եւ լուսամուտները կոտրելու միջոցով մուտք է գործել շենք եւ մասնակցել զանգվածային անկարգություններին:
Խառատյանը նշեց, որ առաջադրված մեղադրանքն իր համար անորոշ է, եւ որ ինքը զանգվածային անկարգությունների չի մասնակցել: «Նշվեց, որ ես չեմ ենթարկվել Կառավարության շենքի պահպանությունն իրականացնող մարմիններին, ես ուզում եմ հայտնել, որ երբ ես մտել եմ ՀՀ կառավարության շենք, ոչ մի խոչընդոտի չեմ հանդիպել, ոչ մի իրավապահ մարմնից չեմ լսել ոչ մի բան, ավելին՝ այնտեղ ես չեմ տեսել ոչ մի իրավապահ մարմնի: ...Ճիշտ է, բռնակը կոտրել եմ, եւ դա ընդունել եմ դեռ այն ժամանակ, երբ ոչ մի վկա դեռ չէր հարցաքննվել, ոչ մի նկարահանում համացանցում դեռ չէր հայտնվել, երբ ԱԱԾ-ում ինձ դեռ այդ ամենը ինչը ցույց չէին տվել: Ես մեկ օր առաջ էի վերադարձել Լեռնային Ղարաբաղից եւ լրատվականով լսելով, այո, գնացել եմ, մուտք եմ գործել Կառավարության շենք, բայց նորից եմ ասում այն, ինչը որ հայտնվել էր համացանցում ինձ համար նույնպես տգեղ էր, էն, ինչը որ կատարվում էր այդտեղ բռնակի կամ այդ մասով, որովհետեւ հուզական էմոցիոնալ ֆոն ա եղել: Ես պատրաստ եմ, էն ինչը որ ես վնասել եմ իմ գործողությունների արդյունքում, փոխհատուցել»,- ասաց Խառատյանը:
Նրա պաշտպան Արամ Վարդեւանյանն էլ ասաց, որ իրեն նույնպես մեղադրանքը պարզ չէ: «Ես մեղադրանքից չհասկացա զանգվածային անկարգության այդ ո՞ր պարտադիր տարրերն են պահպանված, որովհետեւ զանգվածային անկարգությունը չի կարող լինել ինքնաբուխ, զանգվածային անկարգությունը մշտապես ունի կազմակերպիչ, որոշակի գործողությունների կոնկրետ ծրագրավորում եւ այլն: Այն, ինչը որ կոնկրետ նշվեց Խառատյանի մասով, դրանցից ոչ մեկի հետ կապ չուներ»,- ասաց պաշտպանը:
Էդգար Գրիգորյանն էլ ասաց, որ ինքը մուտք է գործել շենք, սակայն ոչինչ չի ջարդել: «Ես չեմ հասկանում ինչեր ա գրած մեղադրանքի մեջ:...Պետության համար ամոթ էլ ա, որ ես անզեն ահաբեկել եմ ԱԱԾ աշխատակիցներին, ո՞նց կարան զենքով մարդիկ կանգնած (նկատի ունի ՊՊԾ աշխատակիցներին) ահաբեկված մի կողմ քաշվեն, ես զինված չեմ եղել, որ ահաբեկվեն: Ես չեմ ընդունում էդ մեղադրանքը, ես չեմ ահաբեկել, մուտք եմ գործել, հիմա թե արդեն մարդիկ ոնց են դա ներկայացնում, ահաբեկվել են, թե վախեցել են՝ ուրեմն դա իրենց կանգնելու տեղը չի: Ինձ չեն էլ փորձել բռնել:...Ներսում ես ոչ թե մասնակցել եմ, այլ ներկա եմ գտնվել ու հնարավորինս չափով կանխել եմ կարեւորագույն համար առաջին սեղանը (կապ չունի ով ա ղեկավարը): Մոտեցել եմ այդ սեղանին այն պատճառով, որովհետեւ ցուցարարներից ինչ-որ մեկը գրկել տանում էր համակարգիչը, ես հասկանում եմ, որ համար առաջին սեղանի համակարգչի մեջ կարա գտնվի շատ ինֆորմացիա, որը վերաբերում ա մեր ազգին, մեր զինվորներին, որը պետք չի ձեռքից ձեռ ընկնի: Նույն ձեւով ես տեսել եմ, որ ֆլեշկաներ են մարդիկ բռով դրել գրպանները տանում, էդ էլ ա կանխվել: Այսինքն՝ իմ այնտեղ լինելը ջարդարարների հետ մասնակցե՞լ ա, թե՝ կանխել ա, ՀՀ անվտանգությունը ապահովելն ա: Կապ չունի դու կարող ա ինչ-որ մարդու, պետության վրա ջղայնանաս, բայց դու երբ գիտակցում ես, որ դա պետության գաղտնիություն պարունակող համար առաջին սեղանը, գույքն ա, եթե դու հայրենասեր մարդ ես, պետք ա դա կանխես»,- հայտարարեց ամբաստանյալը:
Այնուհետեւ, Սերգեյ Խառատյանի և Էդգար Գրիգորյանի պաշտպանները դատարանին միջնորդություններ ներկայացրին իրենց պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փախարելինելու վերաբերյալ: Որպես գրավի չափ Արամ Վարդեւանյանն առաջարկեց 15 մլն դրամը կամ այլ գումար, որը դատարանը ողջամիտ կհամարի։ Նա նշեց, որ այս չափի գրավի միջնորդություն առաջին անգամ է ներկայացվում: Էդգար Գրիգորյանի պաշտպան Աշոըտ Ապրեսյանը նույնպես միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ գրավ կիրառել՝ չափը թողնելով դատարանի հայեցողությանը։