«Արցախն աղքատ բարերար չէ, որին պետք է օգնել, Արցախը պետք է նվաճել, Արցախը պետք է գրավել, Արցախը պետք է մերը դարձնել»,- ասում էր ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը։
Այսօր կլրանար ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Մկրտչյանի 62 ամյակը: Ընդամենը մի քանի ամիս ղեկավարելով Արցախը՝ նա դարձավ այն առաջնորդը, ով ազնվություն բերեց քաղաքականություն:
Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։ 1976 թվականին, ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը։ Համալսարանն ավարտելուց հետո սովորել է Մոսկվայի Միկլուխո Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1981-1983 թվականներին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում: 1986 թվականին տեղափոխվել է ծննդավայր և աշխատել Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել պատմության գիտությունների թեկնածուի աստիճան։
Արցախյան Շարժումն սկսվելուց Արթուր Մկրտչյանը դարձավ նրա ակտիվ մասնակիցը՝ 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին։ 1988 թվականի փետրվարի 12-ի Հադրութի հանրահավաքից, Արթուր Մկրտչյանի ուղին եղել է սրընթաց։
1991 թվականի դեկտեմբերի 28-ին` ժողովրդի 99 ամբողջ 89 տոկոս կողմ ձայներով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեից 18 օր անց, Լեռնային Ղարաբաղում անցկացվեցին առաջին գումարման Գերագույն խորհուրդի ընտրությունները:
1992թ. հունվարի 8-ին Արթուր Մկրտչյանն ընտրվեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ։ Երբ ուրվագծվում էր անկախ Արցախի տեսիլքը միայն, Արթուրի գործը ժողովրդին ազգային-ազատագրական պայքարին պատրաստելն էր:
Այս հողն է ինձ ծնել, այս հողին եմ պարտական իմ ունեցածի համար, իսկ հիմա եկել է փոխհատուցման պահը. սա էր նրա հավատամքը: «Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Ղարաբաղում հայ չապրելով` Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով էդ հողի վրա ապրում է եւ պաշտպանում է այդ հողը”,- ասում էր Արթուր Մկրտչյանը։
«Պատմությունը չպետք է կարդալ հեքիաթի նման, այլ պետք է դասեր քաղել` սխալները չկրկնելու եւ հերոսական էջերն իբրեւ օրինակ ընդունելու համար”,- ասում էր նա:
Կարեւորում էր եւ ճիշտ դիվանագիտությունը, որպեսզի շեշտադրվի ոչ միայն հանրապետության ճանաչումը միջազգային հանրության կողմից, այլ հակամարտության ճիշտ ընկալումը. ոչ թե ազգամիջյան պատերազմ, այլ՝ ազգային ազատագրական:
«Առաջին հարցը կանոնավոր բանակ ստեղծելն է, չնայած դա շատ դժվար կլինի, որովհետեւ համապատասխան միջոցները բացակայում են: Ամրացնել Ղարաբաղի սահմանները եւ մտածել Ղարաբաղի ներսում ժողովրդի կենսապահովման հետ կապված հարցերը լուծելու ուղղությամբ: Արցախի Հանրապետության հարաբերությունները Ադրբեջանի հետ պայմանավորված կլինի նրանով, թե Ադրբեջանը ինչքանո՞վ կճանաչի հայ ժողովրդի իրավունքն Արցախում ապրելու”,- ասում էր Արթուր Մկրտչյանը։
Արթուրը քաղաքական հայացքներով անզիջում էր: Ապացուցում էր, որ քաղաքականությունն անբարոյականություն չէ, երբ չեն հարմարեցնում անձնական շահերին: Արթուր Մկրտչյանի դաշնակցական լինելը պատճառ էր դարձել նրա` Հայասատանի իշխանությունների թշնամական վերաբերմունքին արժանանալու համար, ինչը դրսեւորվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ դառնալու առաջին իսկ օրից: Ազատագրության համար մարտնչող եւ Արցախին ազատություն բերած ղեկավարը մերժվում է մայր հայրենիքի կողմից։ Անկախ Հայաստանի նախկին իշխանությունների կոկորդում նա ոսկորի նման էր. ոմանք չէին հանդուրժում դաշնակցական, մյուսներն էլ` սկզբունքային լինելու համար:
«Մի օր, շատ պատահական խոսակցություն լսեցի այն մասին, թե ինչպես է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դժգոհել, որ Արթուրն է ընտրվել Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահ եւ ասել էր՝ նախագահը «ձերոնքական է», թող գոնե տեղակալը «մերոնքական» լինի: Հետո ինձ բացատրեցին, որ «ձերոնքականը» նշանակում էր դաշնակցական է, իսկ «մերոնքականը»` ՀՀՇ-ական: Միայն հետո իմացա, որ Արթուրը Տող գյուղում երդում է տվել եւ Դաշնակցության անդամ դարձել»,- պատմում է ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի կինը՝ Գոհար Մկրտչյանը:
ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը հիշում է. «Արթուրը մեծ պատասխանատվությամբ անցավ աշխատանքի, բայց ամենամեծ հարվածը ստացավ սկզբից: Դա այն է, որ ՀՀ նախագահը չշնորհավորեց ընտրության կապակցությամբ: Շատ վատ ազդեց Արթուրի վրա, որովհետև հիշում եմ, երբ հանդիպեցի Արթուրին, ասում էր, թե` այդպիսի բան ինչպես կարող էր լինել: Որովհետև մենք էլ շատ լավ գիտակցում էինք, որ Ղարաբաղում կարելի չէ ունենալ մի իշխանություն, որը հակադրված լինի Հայաստանի իշխանությանը: Մենք պատկերացնում էինք այսպես` ճիշտն այն է, որ Ղարաբաղում լինի, այսպես կոչված, դաշնակցական իշխանություն, իսկ Հայաստանում ` ոչ դաշնակցական, սակայն ներքուստ ամեն ինչ համադրված ու համաձայնեցված լինի: Եվ ուզում էինք այդ զանազանությունը տեսանելի դարձնել արտաքին աշխարհին»:
Ըստ Հրանտ Մարգարյանի` հույս կար, թե այդպիսի զանազանությունը օգտակար պիտի լիներ մեր պայքարին այն առումով, որ Ղարաբաղի անկախացումը հնարավորություն կտար ըմբռնելու Հայաստանի ոչ ծավալապաշտական մտադրությունը, որովհետև Արցախի ազատագրումը ամենից առաջ Արցախի հայության ազատագրումն է Ադրբեջանից: Դա, ըստ Հրանտ Մարգարյանի, միջազգային ասպարեզում մեզ կտար մանևրելու հնարավորություն: «Բայց դա, դժբախտաբար, տեղի չունեցավ Հայաստանի այդ օրերի իշխանությունների վախվորածության, անտեղի հակադաշնակցական տրամադրության բերումով, անտեղի կուսակցամոլության, և վերջին հաշվով իրենց մոտեցումի պտուղն էին ստեղծված դժվարությունները»:
1992-ի ապրիլի 14-ին իր բնակարանում խորհրդավոր պայմաններում գտան մահացած: Այդպես էլ չբացահայտված մնացին նրա մահվան հանգամանքները՝ սպանությո՞ւն, թե՞:
ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը պաշտոնավարեց ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին և ճակատագիրն անջնջելի հետք թողեցին հայոց նորագույն պատմության մեջ։ Իր հայրենիքի վերջնական ազատագրության և հզորացման նպատակով Արթուր Մկրտչյանը ձգտում էր ազգային առավելագույն միաբանության, ի սկզբանե ճշմարիտ հիմքերից էին բխում նրա արժեքների ընտրության, դավանանքի և դրանց իրագործման դիրքորոշումները: Նա Հայ էր և Մարդ: