կարևոր
1678 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-15 22:26

Ես համաձայնել եմ մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնեմ Կազանյան փաստաթուղթը, որը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ Ադրբեջանից դուրս. Սերժ Սարգսյան

Ես համաձայնել եմ մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնեմ Կազանյան փաստաթուղթը, որը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ Ադրբեջանից դուրս. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին:

Լրագրողի հարցին՝  «Դուք մի քանի անգամ խոստովանել եք, որ 2011-ին պատրաստ էիք Կազանյան փաստաթուղթը ստորագրել, Ալիևը չհամաձայնեց, վերջին պահին ինչ-որ շտկումներ է փորձել մտցնել։ Կազանյան փաստաթղթի էությունը, մենք հիմա կգանք նաև նրան, թե ինչ էինք մենք ստանում, քանի որ ասում եք, որ հիմնականը մեր ստանալիքն է, մեր կողմից որոշակի տարածքային զիջումների մասին էր խոսքը։ Մինչև 2018-ը, այսինքն՝ այդ յոթ տարվա ընթացքում 2011-2018 թվականներին, երբ Դուք նախագահ էիք, Դուք հնամաձա՞յն եք, որ այդ յոթ տարվա ընթացքում մենք, փաստորեն, արհեստականորեն ձգձգել ենք ստատուս քվոն, փորձել ենք ժամանակ շահել՝ ենթադրելով, որ հայկական կողմի օգտին է աշխատում այդ ժամանակը», նախկին նախագահը պատասխանեց․

-Ոչ, համաձայն չեմ։ Համաձայն չեմ ոչ միայն այսպես ձգձգելու տեսության հետ, մտքի հետ, համաձայն չեմ Ձեր՝ դրանից առաջ արտահայտած մտքի հետ, որ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր տարածքային զիջումներ։ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս։ Նորից եմ ասում՝ դեն շպրտեք ձեր գլխից, թե ինչ էինք մենք տալու, դուք մտածեք այն մասին, թե ինչ էինք ունենալու։

-Ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված կարգավիճակ։

-Մենք ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, որը ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում։ Դա մեզ հնարավորություն էր տալիս շատ հանգիստ գնալ խնդրի լուծման, այո, փոխզիջումների միջոցով։ Բացի դրանից, մենք ստանում էինք ԼՂ միջանկյալ կարգավիճակ, որը, ինչպես և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ համանախագահները որակում էին որպես «այսօրվա իրողություն պլյուս»։ Ահա այդ միջանկյալ կարգավիճակով ԼՂ-ն ստանում էր անվտանգության յոթ երաշխիք, որոնցից առաջին կետը հետևյալն էր՝ ԼՂ անվտանգությունն ապահովում են ԼՂ ինքնապաշտպանության ուժերը, որ ՀՀ-ն պաշտոնապես հանդիսանում է ԼՂ անվտանգության երաշխավորը, որ ԼՂ-ի գործադիր և օրենսդիր մարմինների ընտրությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից, որ ԼՂ-ում դատաիրավական համակարգը համարվում է, այսպես ասած, ճանաչված միջազգային հանրության կողմից, խաղաղապահների մասնակցություն և այլն։