կարևոր
1521 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-15 21:35

Կապիտուլանտը իմ տեսադաշտում հայտնվել է 90-ական թվականների սկզբներին․ նա իմ պրոյեկտը չի․ Սերժ Սարգսյան

Կապիտուլանտը իմ տեսադաշտում հայտնվել է 90-ական թվականների սկզբներին․ նա իմ պրոյեկտը չի․ Սերժ Սարգսյան

Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, և անկեղծորեն պետք է ասեմ՝ ոչ միայն հակաղարաբաղյան, այլև՝ ղարաբաղցիների դեմ։ Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան թե փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը։ Այս մասին ասաց  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում։

«Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ հիմա Դուք արտահայտեցիք, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ Ոչ, նախ՝ իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց։ Տեսեք՝ ինչպիսի իրավիճակ էր ստեղծվել. ես, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից և այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար։ Հիմա հարցազրույցի ընթացքում մենք դրան տարբեր ասպեկտներից կանդրադառնանք։ Հենց այդ պատճառով ես համաձայնեցի ընտրվել վարչապետ, և որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող է այդ շարժումը, նախաձեռնությունը ստանալ այդպիսի ընթացք»,-նծեց Սերժ Սարգսյանը։

Հարցին, թե արդյոք Հայաստանի գործող վարչապետը 3-րդ նախագահի պրոյեկտն է, նա պատասխանեց․

«Կապիտուլանտը իմ տեսադաշտում հայտնվել է 90-ական թվականների սկզբներին, և, ավելի ստույգ, 1993 թվականի վերջերին, երբ ես մի քանի ամսվա պաշտպանության նախարար էի, և բազմաթիվ հաջողություններից հետո մենք ռազմաճակատում որոշակի խնդիրներ ունեցանք, և այդ խնդիրները մանիպուլացնելով, իրականությանը չհամապատասխանող փաստեր բերելով, անհարկի քննադատելով՝ ուղղակի ցավ էր պատճառում մեզ, ոչ միայն ինձ, այլ նաև իմ մարտական ընկերներին»։

Ըստ նախկին նախագահի կապիտուլանտը այն ուժերի նախագիծն է, ում հետ ինքը երբեք որևէ ընդհանուր բան չէր կարող ունենալ։ Նրանց հետ ունեցել է միայն հակասություններ: Հակասություններ այն առումով, որ իր պատկերացումները Հայաստանի և Արցախի զարգացման հարցում էապես տարբերվում էին այդ ուժերի պատկերացումներից։