«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, անվտանգության փորձագետ,Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով այսօր ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության, թե «փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել», գրում է.
«ՀՀ անպաշտպանության նախարարությունը մխիթարում է. «Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը»:
«Օպերատիվ մարտավարական իրավիճակ» չի փոխվի, նույնիսկ եթե թշնամու դիպուկահարները 1-2 զինվոր սպանեն։ Կամ խաղաղ բնակիչ։ Դե բնակիչ ա, էլի, մեռավ, դրանից օպերատիվ մարտավարական իրավիճակ հո չի՞ փոխվելու։
Ու եզրափակումը. «ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»։
Չեմ էլ ուզում արդեն հասկանալ, թե մարդու գլխում ինչ է կատարվում, որ այսպիսի տեքստով արդարացնի իր համակարգի չմոյությունն ու իմպոտենտությունը»։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ մարդու պաշտպանը տեսանյութ է հրապարակել, նշելով, որ այս տեսանյութի կրակոցներն արվել են Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում: Միաժամանակ Ագարակի գյուղապետ Հայկ Սարգսյանը հայտնել է, որ ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ տարբեր ժամերի։