Այսօր ԱԱԾ-ից ստացվել է Երկիր Մեդիա հեռուստաընկերության կողմից ուղարկված տեղեկություն ստանալու հարցման պատասխանը, որը վերաբերում էր 2021 թվականի հունվարի 30-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի շրջանում 2 ադրբեջանցու ձերբակալման և նրանց ազատմանը:
Ի պատասխան Երկիր Մեդիա հեռուստաընկերության՝ փետրվարի 9-ի տեղեկություն ստանալու հարցմանը, ԱԱԾ-ն պարզաբանել է.
«Նշված անձինք ՀՀ տարածքում են հայտնվել եղանակային պայմանների պատճառով մոլորվելու արդյունքում և նրանց վերաբերյալ համապատասխան որոշումը կայացվել է ՌԴ խաղաղապահների հետ համակողմանի քննարկումների արդյունքում՝ նկատի ունենալով նաև հայկական կողմից ևս նմանատիպ դեպք ունենալու և փոխադարձ համաձայնությամբ, նույն ընթացակարգով հարցի լուծման նախադեպը»:
Հիշեցնենք, ինչպես հայտնի դարձավ փետրվարի 1-ին ՌԴ ՊՆ հրապարակած տեղեկագրից, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ազատ էին արձակվել Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող, որոնք ձերբակալվել էին 2021 թվականի հունվարի 30-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի շրջանում:
Հավելենք, որ այս մասին մինչ օրս ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական որևէ հաղորդագրություն չի հրապարակել: ԱԱԾ հաղորդագրություններում չգտանք նաև այս պատասխանում նշված «հայկական կողմից ևս նմանատիպ դեպք ունենալու նախադեպի» մասին որևէ հաղորդագրություն:
Երկիր մեդիա հեռուստաընկերությունը հետևյալ հարցերն էր ուղղել ԱԱԾ-ին.
Մյուս խումբ հարցերը վերաբերում էին ՌԴ ՊՆ տեղեկագրում նշված վատառողջ 16 ադրբեջանցի զինծառայողների տեղափոխմանը, որին ի պատասխան տրվել է հետևյալ պարզաբանումը.
«Ադրբեջանի զինված ուժերի վատառողջ զինվորականները, անվտանգության նկատառումներով պայմանավորված, ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխվել են Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող մեկ տարածքից դեպի մեկ այլ տարածք: Նրանք որևէ կարգավիճակով ՀՀ տարածքում չեն գտնվել»: