Գորիսում զորակոչի մեկնարկն այս տարի հանդիսավորությամբ ազդարարվեց խորհրդանշական վայրում՝ Վերիշեն բնակավայրի 4-րդ դարում կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։
«Ըստ ավանդության` այդ նույն եկեղեցին եղել է առաջին դպրոցներից մեկ, որտեղ դասավանդել է Մեսրոպ Մաշտոցը: Տարվա առաջին զորակոչը նշվեց մեծ շուքով և մատաղի արարողությամբ: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ եկեղեցու բակում 7 գառ, որպես մատաղ, մատուցվեց հանրությանը՝ հանուն բանակ մեկնող նորակոչիկների անվտանգ ծառայության, հայրենիքի հզորացման, հանուն ապագա հաղթանակների։
Միջոցառման ողջ ընթացքում ընդգծվեց Հայոց բանակի դերը, հայ զինվորի անկոտրում կամքն ու հայեցի ոգին: Նժդեհյան ոգով, սեփական կոչմանն ու հայրենիքին նվիրվածության նժդեհյան օրինակով՝ նորակոչիկներին ուղղվեց Գարեգին Նժդեհի խոսքը, որը ժամանակին Սպարապետը հղել էր թշնամու դեմ մարտի մեկնող իր զինվորներին: Խաղաղ և անփորձանք ծառայություն մեր բոլոր զինվորներին»: