կարևոր
1213 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-14 13:56

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ փետրվարի 14-ը հռչակվել է ընտանիքի տոն

 Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ փետրվարի 14-ը հռչակվել է ընտանիքի տոն

Հայաստանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ փետրվարի 14-ը հռչակվել է ընտանիքի տոն: Սուրբ Պատարագից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում կատարվելու է նորապսակների օրհնության կարգ:

Փետրվարի 14-ին աշխարհի տարբեր երկրներում նշում են Սուրբ Վալենտինի կամ սիրահարների տոնը։ Այդ օրը սիրահարները շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում, նվիրում խորհրդանշական նվերներ։

Տոնի «մեղավոր»-ը կաթոլիկ հոգեւորական Վալենտինն է, ով համարվում է սիրահարների բարեխոսն ու օգնականը։ Սուրբ Վալենտինի մասին բազմաթիվ լեգենդներ կան: Դրանցից մեկի համաձայն՝ Վալենտինի ժամանակ Հռոմում իշխում էր Կլավդիոս 2-րդը, ով բանակը հզորացնելու համար արգելել էր ամուսնությունները։ Վալենտինն սկսեց գաղտնի պսակադրել սիրահար զույգերին, ինչի համար հայտնվեց բանտում։

Մի անգամ նրա մոտ են բերում հռոմեական բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, եւ Վալենտինն իր պատրաստած դեղերով փորձում է բուժել նրան: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգեւորականին, եւ նա երկտող է գրում կույր աղջկան, որը մակագրում է «Քո Վալենտին…»։ Այդտեղից էլ՝  վալենտինի բացիկներն ու հենց ինքը`տոնը: