Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Բրյուսելի հետ, եթե վերջինը նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի նկատմամբ:
Եվրամիության դիվագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ասել է, սովորաբար արձագանքում են ոչ թե լրատվամիջոցներում քաղաքական գործիչների հայտարարություններին, այլ կոնկրետ գործողություններին:
Ամեն դեպքում, այս հարցը կքննարկեն Եվրամիության խորհրդում: Ռուսաստանը, Պիտեր Ստանոյի կարծիքով, արդեն լիովին հասկացրել է, որ չի ցանկանում գնալ Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման:
Նշենք նաեւ, որ Լավրովի աղմկահարույց հայտարարությունից հետո Ռուսաստանի արտգործնախարարությունը պարզաբանել է, թե Մոսկվան պատրաստ է հարաբերությունների խզմանը, եթե դա տեղի ունենա Բրյուսելի նախաձեռնությամբ: Իսկ, ընդհանուր առմամբ, իրենք համագործակցության կողմնակից են: